2014թ. մայիսին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումներով դիմեց ՀՀ բոլոր նախարարություններին: Էլեկտրոնային հարցումներն ուղարկվել են էլեկտրոնային այն հասցեներին, որոնք նշված են ՀՀ կառավարության կայքի՝ տվյալ նախարարության համապատասխան բաժնում: Հարցումներին պատասխանել են 18 նախարարություններից 16-ը: Պատասխան չի ստացվել ՀՀ պաշտպանության եւ ՀՀ սփյուռքի նախարարություններից: Ըստ ԻԱԿ կայքէջի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, արձագանքելով, ԻԱԿ-ին հայտնել է, որ պատասխան գրությունն ուղարկվել է 2014թ. մայիսի 23-ին, էլեկտրոնային փստի միջոցով, սակայն այն հնարավոր չէր եղել հասցնել ԻԱԿ-ին՝ տեխնիկական պատճառներով:
16 նախարարություններն ԻԱԿ-ի հարցմանը տրամադրել են լիարժեք պատասխան: Որեւէ թերի կամ անհիմն պատասխան, լրագրողական կազմակերպության տեղեկատվության համաձայն, անհիմն մերժում կամ անգամ հղումով պատասխան չի տրամադրվել:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» խնդրել էր հայտնել հետեւյալ տեղեկությունները:
Իրականացնո՞ւմ է, արդյոք, նախարարությունը ստացած էլեկտրոնային հարցումների հաշվառում, եթե այո, ապա քանի՞ էլեկտրոնային հարցում է ստացել նախարարությունը 2013-ին:
Տրամադրված պատասխանները վկայում են, որ 2013թ.-ին ամենաքիչ էլեկտրոնային հարցումները ստացել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը` 6 էլեկտրոնային հարցում: Ամենաշատ էլեկտրոնային հարցումները ստացել է ՀՀ արդարադատության նախարարությունը` 600 էլեկտրոնային հարցում: Ընդ որում, այս հարցումները ստացվել են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեներին` [email protected] եւ [email protected], սակայն նախարարի, նրա տեղակալների եւ նախարարության այլ աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին 2013թ.-ին նույնպես ստացվել են հարցումներ, որոնց վիճակագրությունը նախարարությունը չի իրականացնում:
Կարդացեք նաև
Ըստ ԻԱԿ-ի, որոշ նախարարությունների պատասխաններից բխում է, որ թեեւ տվյալ նախարարությունն իրականացնում է էլեկտրոնային տարբերակով ստացված հարցումների հաշվառում, սակայն դա անում է էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումների հետ համատեղ, ուստի էլեկտրոնային եղանակով ստացված հարցումների թվի մասին առանձին տվյալ հնարավոր չի եղել ներկայացնել: Այսպես, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 2013թ.-ին նախարարության «թեժ գծի» էլեկտրոնային հասցեին ստացվել է 435 դիմում եւ հարցում, նմանապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ 2013թ.-ին ստացել է 207 դիմում եւ հարցում, որոնցից 102-ը` [email protected], իսկ 105-ը` [email protected] էլեկտրոնային հասցեներով:
ՀՀ բնապահպանության նախարարությունն, օրինակ, իր պատասխանում նշել է էլեկտրոնային տարբերակով ստացած գրությունների ընդհանուր թիվը` 501, սակայն առանձնացրել է, որ նշված 501 գրությունից 96-ն է հարցում:
Որպես դրական օրինակ նշվել է առանձնացնել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանը: Նախարարությունը հայտնել է, որ 2013թ.-ին ստացել է 26 էլեկտրոնային հարցում, իսկ 2014թ.-ի մայիսի 21-ի դրությամբ` եւս 13 հարցում: Նախարարությունն առդիր 4 էջով ներկայացրել է յուրաքանչյուր հարցման մասին տեղեկություն` նշելով ուղարկողին (լրատվամիջոցի կամ իրավաբանական անձի դեպքում նշվել է անվանումը, քաղաքացու դեպքում անունը եւ ազգանունը չի նշվել, այլ նշվել է «քաղաքացի» բառը), հարցան վերնագիրը, գրանցման ամսաթիվը, պատասխանի վերջնաժամկետը եւ պատասխանի ամսաթիվը: ԻԱԿ բոլոր հարցումների պատասխանները տեղադրվել են www.givemeinfo.am կայքում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
12.06.2014