Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորաձեւությունը թանկարժեք հագուստը չէ»

Հունիս 13,2014 13:55

Ոճաբան, բլոգեր Նարեկ Չեսթերֆիլդը՝
երիտասարդության ու ավագ սերնդի հագուկապի մասին

Ոճաբան, բլոգեր Նարեկ Չեսթերֆիլդը երազում է այն օրվա մասին, երբ նորաձեւությունը կդադարի նորաձեւ լինելուց, ու անհատները, սոցիալական խմբերը կդադարեն ինքնանպատակ վազել բրենդային հագուստի ետեւից՝ հասկանալով, որ ոչ միշտ են բարձր ճչացող ապրանքանիշները ստեղծում որակյալ ու բարձրաճաշակ հագուստ: Ոճաբանի կարծիքով, նորաձեւ է այն ամենը, ինչում անհատն իրեն հարմարավետ է զգում. «Վերջին շրջանում «թրենդ» ասվածը ձեւափոխվել է, եւ հիմա հաճախ մեծ տարածում են վայելում ծայրահեղությունների հասնող ոճային լուծումները: Նորաձեւ մարդը պետք է նորաձեւ լինի նաեւ ներքուստ. լինի զարգացած ու կրթված, համապատասխանի իր ընտրած հագուստին: Նորաձեւությունը միայն փայլփլուն, թանկարժեք հագուստը չէ, այն իր մեջ պիտի ներառի նաեւ փայլուն գիտելիք ու մակարդակ»:

Երիտասարդության միանման, հաճախ՝ միանման անճաշակ հագնվելու խնդիրը Նարեկի մեկնաբանությամբ ի հայտ է եկել միատարր բնակչություն ունենալուց, այլ ազգերի ու քաղաքակրթությունների հետ շփման պակասից: Ոճաբանի համոզմամբ, արտասահմանյան հյուրեր համեմատաբար քիչ ենք ունենում, դրա պատճառով նորաձեւությունն ու ճաշակը չեն զարգանում՝ հայ երիտասարդությանը թողնելով սնդուսափայլ հագուստի, գունային ու ոճային անճաշակ ու ճչացող համադրությունների «հույսին»: «Հագուստի ոճային սխալ խառնուրդները հիմնականում չիմացության արդյունք են: Իհարկե, ոճային փորձարկումներ, համադրություններ կարելի է անել, բայց միշտ չէ, որ ամեն փորձարկում հաջող է ստացվում: Կան տարածված սխալներ. օրինակ, շատ են չարաշահում սեւի երանգները, տարիքին անհամապատասխան հագուստ են կրում, փորձում են կրկնօրինակել սիրելի աստղերին՝ հաճախ տարիքին ոչ համապատասխան ընդգծելով մարմնի որոշ հատվածներ: Պարտադիր է հիշել, որ հագուստն ու ոճը մարդու մասին շատ բան են պատմում: Առօրյայում խորհուրդ կտայի ընտրել չեզոք գույներ, երանգներ, ոճ: Ցանկալի է մասնագետի հետ խորհրդակցել, որն էլ կփորձի ճիշտ ուղղություն հաղորդել համադրությանը:

Կար ժամանակ, երբ Հայաստանում բավականին ակտիվացել էին ենթամշակույթներին հարող մարդիկ՝ էմոները, գոթերը, հիփփիները… Խոսքս 2003-2009 թվականների մասին է: Այդ ընթացքում քաղաքը բավականին հետաքրքիր էր դարձել՝ ոճային առումով: Այս երիտասարդներն ավելի վառ էին եւ արտաքնապես տարբերվում էին: Վերջին տարիներին մինի-բրենդների ներհոսքն ու համացանցային կյանքի զարգացումը ձեւավորել են երիտասարդների մի խումբ, որը հագնվում է բավական ճիշտ, ճաշակով: Անչափ գնահատում եմ մեր ավագ սերնդի ոճը, քանի որ նրանց հագուստի մեջ գերիշխում են դասական տարրերն ու ամեն մանրուք ճիշտ է օգտագործվում: Ես ինքս մասնագիտության բերումով հաճախ առնչվում եմ արվեստագետ մարդկանց հետ, փորձում ենք միասին գտնել իրենց ուրույն ոճը, որի մեջ իրենց հարմար կզգան՝ առանց սեփական «եսը» կորցնելու: Մեծամասամբ ոճաբանի դիմում են այն մարդիկ, ովքեր արդեն իսկ ունեն ձեւավորված ոճ, կենսակերպ, ճաշակ: Ինձ մնում է միայն օգնել նրանց՝ հասնել ավելի լավ արդյունքների»,- նշում է մեր զրուցակիցը:

ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30