Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդությունը խնդիր ունի՝ շատերն ալարում են»

Հունիս 13,2014 13:45

Հարութ Շատյանը՝ իր ֆիլմերի եւ «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմի՝
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին ցուցադրվելու մասին

Գիշերը՝ ժամը երեքին ծնվեց Հարութ Շատյանի առաջին ֆիլմի գաղափարը, դեռ ուսանող էր, դիպլոմային աշխատանքի մասին էր մտածում: Մեկ տարի հետո նրա՝ «Բեռնելով կյանքս» ֆիլմն արդեն արժանացավ դասախոսների գնահատականին, 2010-ին ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին եւ հաղթեց մի քանի անվանակարգերում: Հետո երիտասարդ ռեժիսորն անցավ մյուս՝ «Մարաթոն», «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմերի ստեղծմանը:

Իր իսկ ֆիլմերում գլխավոր հերոսների դերեր ստանձնելն ունի բացատրություն, պատճառը իր դերերն այլոց չվստահելը չէ. մի դեպքում նկարահանումը («Բեռնելով կյանքս» ֆիլմը) սկսել է ուշ գիշերին՝ իրենից բացի, ուրիշ դերասան չգտնելով՝ ինքն է խաղացել, մյուս դեպքում («Մարաթոն» ֆիլմ)՝ թեթեւ ատլետի կառուցվածք իրենց շրջապատի դերասանների մեջ միայն ինքը ուներ, նաեւ ֆիլմի բառերն արագ սովորելու անհրաժեշտություն կար, իսկ իր գրած տեքստը շատ լավ գիտեր:

Երիտասարդ ռեժիսորն աշխատում է տարբեր հեռուստաընկերություններում՝ գովազդային հոլովակներ, հաղորդումներ, սերիալներ է նկարահանում, սակայն իր համար կարեւոր է սեփական ֆիլմեր նկարելը եւ դրանք տարբեր փառատոներին ներկայացնելը:
Վերհիշելով իր մուտքը կինոարվեստ նախանշող «Բեռնելով կյանքս» ֆիլմի (որտեղ հերոսը ներկայացնում էր կյանքում իրեն անընդհատ պատահող դժվարություններն ու խնդիրները) մասին ստեղծված տպավորությունները եւ քննարկումները՝ Հարութ Շատյանը խոստովանում է, որ շատերն իսկապես հավատացել էին ֆիլմին, մինչդեռ այն ինքնակենսագրական չէր. «Դա ամենաբարձր գնահատականն էր… Փաստորեն, կարողացել ենք նկարել ֆիլմ, որը իրական է թվացել: Երբ ինտերնետ պրեմիերա արեցի, առաջարկներ ստացա՝ տղա ջան, ինչո՞վ օգնենք, ֆինանսապես կամ առողջական խնդիրներդ լուծենք: Բնականաբար, բոլոր մարդկանց, ովքեր ուզում էին ինձ օգնել, պատասխանում էի՝ շնորհակալություն, ոչինչ պետք չէ: Նույնիսկ վիրավորվողներ եղան, երբ հասկացան, որ որոշ կտորներ սցենար է եղել, իսկ իրենք հավատացել են»:
Հարութն իր ֆիլմերի սցենարները ինքն է գրել. «Համարում եմ, որ ցանկացած լավ ստեղծագործություն, երբ ռեժիսորն ինքը իր ձեռքով գրում է, դեռ մի հատ էլ խաղում, շատ ավելի լավ է ստացվում: Չնայած լինում է նաեւ այնպես, որ ռեժիսորը համագործակցում է սցենարիստների հետ եւ լավ արդյունք է ստացվում»:

Հարութ Շատյանի համոզմամբ՝ Հայաստանում երիտասարդ ռեժիսորների համար ստեղծագործելու դաշտ ու հնարավորություն կա: «Եթե չեն ալարում: Բայց երիտասարդությունը մի հատ շատ մեծ խնդիր ունի, բոլորն ալարում են աշխատել, այսինքն՝ բոլորը, տանը նստած, սպասում են, երբ իրեն կառաջարկեն մեկ միլիոն դրամ ու կասեն ֆիլմ նկարի,- ասում է նա՝ ավելացնելով,- իմ դեպքում՝ չէի ասի, որ աշխատանքն այնքան լավ է, որ կարելի է միլիոններ աշխատել, բայց բավականացնում է, որ նաեւ ֆիլմ նկարենք»:

Երիտասարդ ռեժիսորը հետեւում է հայկական կինոարտադրությանը, որպեսզի չկրկնվի կամ գուցե ինչ-որ բան գտնի: «Բայց մեզ մոտ շատ քիչ է նորությունը: Ոչ կոմերցիոն ֆիլմերը հինգ տարի առաջ տեսել եմ ուրիշ երկրներում, այստեղ թվում է՝ նոր է, Եվրոպայում՝ արդեն հնացած: Այստեղ նաեւ ռեժիսորներն էլ խնդիր ունեն՝ «աշխարհ չտեսած» են, որովհետեւ հնարավորություն չունեն դուրս գալու, ոչ մի բան չեն արել, որ գնան փառատոների մասնակցեն, տեսնեն՝ ի՞նչ ֆիլմեր են մարդիկ անում»,- ասում է Հարութ Շատյանը:

Երիտասարդ ռեժիսորը կարծում է, որ ինքը դեռ երկար ճանապարհ ունի կայանալու համար, հիմա չի փորձի հայ կինոարտադրությունում որակ փոխողի դերը ստանձնել. «Ես այնքան երիտասարդ եմ, որ ինչ-որ մի բան ավելացնեմ կամ փորձեմ ցույց տալ մյուսներին: Դեռ ես եմ ինձ փնտրում»:

Հիմա արդեն նրա վերջին՝ «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմը ցուցադրվելու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: «Այդ ֆիլմի նկարահանումը շատ բարդ աշխատանք էր ինձ համար: Նկարահանվել է մեկ տարուց ավելի, յոթանասուն ժամ նյութից հավաքվել է մեկ ժամ տասնյոթ րոպե: Նկարահանվել են տաքսիստներ՝ Երեւանի, Գորիսի, Գյումրիի, Կապանի քաղաքացիներ, Մոսկվայի, Պոդոլսկի արտագնա աշխատանքի գնացած մեր երկրացիներ: Ծանր ֆիլմ էր»,- ասում է նա: «Իրական, վավերագրական ֆիլմ է՝ բոլոր կանոններով, եւ դրանցից ամենակարեւորն այն է, որ ոչ ոք չպետք է իմանա, թե ինքը նկարահանվում է, որովհետեւ հենց իմանում են, սկսում են խաղալ:

Մեր ֆիլմում մեծամասնությունը խոսել է ցավերից, խնդիրներից, ընտանիքից, դժբախտություններից, այնքան անկեղծ էին խոսում, որ հավատում էիր: Իրենց մոտ էն «կլիշեն» չկար, թե «ես Ռուսաստանում գործեր ունեի», հիմնականում ասում էին, որ «ես գնացի Բելգիա, Բելգիան «դեբիլ» երկիր է», «գնացի Ամերիկա ու հետ էկա», ինձ մոտ ավելի շատ հետ եկածներն են, քան «ես թույն գործերի մեջ էի» ասողները: Հետո միանգամից դրա հակառակն եմ ցույց տալիս՝ Ռուսաստանում արտագնա աշխատանքի գնացածներին: Իմ նպատակը գովաբանելը կամ վատաբանելը չէր, այլ ցույց տալ, թե ինչ կա իրականում,- ասում է ռեժիսորը եւ նշում, որ ցանկանում էր ֆիլմով նաեւ ասել, որ մեղավոր ենք բոլորս,- երբ սկսես քեզնից, միգուցե ավելի լավ լինի…»:

Երիտասարդ ռեժիսորը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իր կողքին են եղել ֆիլմերը նկարահանելու ընթացքում ու չեն ասել՝ դու «տափակ» բան ես անում…

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30