Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքերի այցը պիտի դիվանագիտորեն ճիշտ օգտագործվեր»

Հունիս 12,2014 23:36

Ինչպես տեղեկացրել ենք,  նախորդ օրը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը   թույլ չէր տվել թուրք երիտասարդներին հայերի  հետ միասին պարել քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակում: Քաղաքապետը  պատճառաբանել էր, որ նպատակահարմար չի գտնում Հայոց ցեղասպանության  100-ամյակին ընդառաջ նման մշակութային միջոցառման իրականացումը: Իսկ միջոցառումը, որը կրում էր «Ապրենք և պարենք միասին» խորագիրը, կազմակերպել էր թուրքական «ԹՈԳ»  երիտասարդական կազմակերպությունը, երկու երկրների երիտասարդների միջև կենդանի  շփում ապահովելու և երկխոսության հիմքեր ստեղծելու համար։

Գյումրիում միջոցառման կազմակերպչական աշխատանքները համակարգող «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանը, Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  Սամվել Բալասանյանի գրավոր մերժմանն, ասաց. «Մենք փորձում ենք հասկանալ նաև քաղաքապետին, չնայած  ավելի շատ սպասում էինք, որ քաղաքապետն այլ մոտեցումներ կցուցաբերեր և ավելի դիվանագիտորեն կմոտենար հարցին, հատկապես որ Թուրքիայից այն երիտասարդներն էին եկել Հայաստան, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունը, և իրենք պատրաստ են իրենց հասարակության մեջ այդ ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու: Եվ հենց նման թուրք երիտասարդների շնորհիվ է, որ տարեցտարի Թաքսիմի հրապարակը լեփ-լեցուն է դառնում Հրանտ Դինքի սպանության օրը կազմակերպվող բողոքի ակցիաների ժամանակ, ովքեր առիթը բաց չեն թողում դատապարտելու 1915 թվականին 1.500.000 սպանված հայերի սպանդը։ Բայց սա չհասկացվեց քաղաքապետարանի կողմից, և մենք էլ շատ կարճ ժամանակ ունեինք, այլապես կհանդիպեինք անձամբ քաղաքապետին, ով, ծրագրի մասին ավելի մանրամասներ իմանալով, բնականաբար միայն  կաջակցեր մեր հաղորդագրությունը թուրք մասնակիցներին հասցնելու համար»:

Արթուր Նաջարյանի ասելով, նմանատիպ ծրագրերը «ԹՈԳ»  երիտասարդական կազմակերպության, այդ թվում և «Հրանտ Դինք»   հիմնադրամի կողմից կազմակերպված  առաջին ծրագիրը չէր, այլ տարբեր ծրագրեր  են կազմակերպվել հայ և թուրք երիտասարդների միջև երկխոսությունների ստեղծման, միմյանց հետ հաղորդակցման  հնարավորությունների ստեղծման, որոնք ընթացքում հայ և թուրք երիտասարդները անդրադառնում են այնպիսի ցավոտ թեմաների, ինչպիսին մեզ համար Հայոց Ցեղասպանությունն է, որի մասին տեղեկատվության պակասի ու Թուրքիայում ձևավորված ժխտողական քաղաքականության պայմաններում Թուրքիայի քաղաքացիները խուսափում են առերեսվել այս հարցին։ Իսկ այս առիթը եղեռնի 100-ամյակին ընդառաջ  կարելի էր դիվանագիտորեն  օգտագործել. «Մենք առիթը չպետք է բաց թողնենք, ընդհակառակը թուրք երիտասարդներին պետք է ինչքան հնարավոր է տեղեկացնենք Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի ունենան այլընտրանքային տեղեկատվություն, ինչից զրկված են իրենց երկրում և լրիվ թյուր տեղեկություններ են իմանում իրենց դասագրքերից:

Մենք բազմաթիվ անգամ մեր գործունեության ընթացքում շփվելով թուրքերի հետ` տեսել ենք, թե ինչքան  ինֆորմացիայի պակաս ունեն նրանք, քանզի Թուրքիան միջոցներ չի խնայում տեղեկատվությունը փակելու կամ խեղաթյուրելու համար: Միշտ համար միշտ զայրանալու աստիճան զարմանալու է եղել տարբեր երկրներում, տարբեր միջազգային ծրագրերի շրջանակում հանդիպելով թուրքերին` տեսնել վերջիններիս բացարձակ անտեղյակությունը մի փաստի մասին, ինչը գրեթե բոլոր մեծ տերությունները օգտագործում են իրենց երկրի դեմ` իրենց շահերից ելնելով: Դե պարզ է, նրանց երկրի կողմից ժխտողական քաղաքականություն է  իրականացվում. հասարակ քաղաքացիները, ուսանողները ոչինչ չգիտեն, գրքերում բացակայում է Ցեղասպանության  մասին տեղեկատվություն. նշվում է առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի  տեղահանություն և մի քանի  սպանություններ:

Հիմա ես` որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար շատ լավ հասկանում եմ այդ ամենը, հասկանում եմ նաև Սամվել Բալասանյանի դիրքորոշումը, բայց կարծում եմ, որ իրենք շատ ավելի դիվանագիտորեն պետք է մոտենային, ինչպես որ գտնվել են Մուշում, Վանում, Դիարբեքիրում, Անիում…հյուրընկալել են հայաստանյան պատվիրակությանը:

Մենք առիթ ենք ստեղծում թուրք երիտասարդին այցելելու Հայաստան, տեսնելու իրականությունը։ Նմանատիպ ծրագրերի միջոցով  հնարավորություն է տրվում թուրք երիտասարդին նստել հայ երիտասարդի  կողքին, տեսակետներ լսել, փաստերի ծանոթանալ: Երբ որ դու ինչ-որ փաստեր ես ասում նրանց, շատ բան է փոխվում նրանց մեջ, միայն այն, որ իրենք Հայաստանից  հեռանում են իրենց երկրի պետական  մակարդակով  թելադրվող քաղաքականության նկատմամբ կասկածներով ու այլ տեղեկատվություն ունենալով,  դա մեզ համար արդեն տեղաշարժ է: Այս միջոցով պառակտվում է նաև թուրքական հասարակությունը, այլ տեսակետներ է   սկսում դրսևորել  այս հարցի նկատմամբ, իսկ մենք բնականաբար մեր ձեռքերը չպետք է  ծալած նստենք:

Քանի որ դիվանագիտական կապեր չունենք, բայց և կամքի ուժ և պատրաստակամություն  ունենք նմանատիպ ծրագրերով թուրք երիտասարդներին ավելի ոչ ֆորմալ և հանգիստ պայմաներում մեզ համար շատ ցավոտ հարցերից խոսել․իսկ սա արդեն երկխոսություն է, իսկ սա արդեն լոբբինգ է։ Ուրիշ ի՞նչ ձևով կարող  է հայ երիտասարդը թուրք երիտասարդի  հետ այս հարցի շուրջ խոսել:

Ես  շատ ուրախ կլինեի, որ մեր համայնքի ղեկավարը ընդուներ  էս խմբին ու իր քննադատությունը  ասեր, իր  հաղորդագրությունը ուղարկեր Թուրքիայից եկած այդ երիտասարդներին, մեծ տպավորություն թողեր։ Թուրք երիտասարդները  գալով  Հայաստան՝ ականատես են լինում այնպիսի փաստարկների, որ միֆերը, որոնք հորինվում են Հայաստանի մասին Թուրքիայում,  վերանում են այդ փաստարկների առաջ, ինչքան էլ այդ ամենը  իրենց համար ցավոտ լինի ընդունել»:

Արթուր Նաջարյանի փոխանցմամբ, իրենց  կազմակերպությունը գրեթե ամեն տարի  հայ-թուրքական ծրագիր  է իրականացնում  «Հրանդ Դինք»-ի հիմնադրամի հետ։ Ըստ նրա, նման հաջողված ծրագրերից էր վերջերս ավարտված «Սահմանից այն կողմ»մուլտիմեդիա ծրագիրը, որը մեծ ու դրական արձագանք է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում։

Մեր զրուցակցի  ներկայացմամբ, այս ծրագիրը կամփոփվի  Երևանի «Սիրահարների այգում», որից հետո հայ երիտասարդների հետ միասին թուրք երիտասարդները կայցելեն  Ծիծեռնակաբերդ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30