ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր այցելեց վերջերս մեկ հարկի տակ տեղակայված Ֆրանսիական մանկապարտեզ և Ֆրանսիական դպրոց՝ ծանոթանալու վերջիններիս շենքային պայմաններին և ուսումնական գործընթացին։ Թեև ուսումնական տարին ավարտված է, բայց Ֆրանսիական դպրոցում դասերը կշարունակվեն մինչև հունիսի վերջ:
Դեսպանը շրջեց և´ դպրոցում, և´ մանկապարտեզում, զրուցեց ուսուցիչների ու երեխաների հետ: Նա նկատեց, որ հատկապես միջին տարիքի երեխաները կարողանում են շատ ազատ խոսել ֆրանսերեն:
Ա. Ռենոյին գոհացնում են երեխաների համար այստեղ ստեղծված պայմանները. «Երբ ես երեխաներին հարցրի՝ ուզում են արձակո՞ւրդ գնալ, թե՞ մնալ դպրոցում, նրանք պատասխանեցին, որ դպրոցում լավ է: Նշանակում է՝ դպրոցի պայմաններն այնքան նրանց սրտով են, որ գերադասում են դպրոցում մնալ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ կրթական այս երկու հաստատություններն ավելի լավ պայմաններ են ապահովում երեխաների համար, քան Ֆրանսիայի նմանատիպ կրթօջախները»,- շրջայցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Ռենոն:
Հիշեցնենք, որ մինչև վերջերս այս երկու հաստատությունները մայրաքաղաքի տարբեր հատվածներում էին, իսկ ապրիլից արդեն մեկ հարկի տակ են և միասին ունեն 180 սաներ, որոնց ուղիղ կեսը հայեր են, իսկ մյուս կեսը՝ ֆրանսիացիներ ու այլազգիներ:
Կարդացեք նաև
«Կրթական երկու հաստատությունները մեկ հարկի տակ միավորելը մի քանի նպատակ ուներ՝ դրանք ավելի տեսանելի դարձնել, ապահովել ֆրանսիական կրթական համակարգի շարունակականությունը, ինչպես նաև ավելի շատ թվով աշակերտներ ունենալ: Մանկապարտեզի տարածքը, օրինակ, կրկնապատկվել է»,- ասաց պարոն Ռենոն:
Դեսպանին ուրախացնում է մանկապարտեզի ու դպրոցի սաների տարեցտարի աճի միտումը: «Բայց մենք չենք ուզում բավարարվել եղածով: Նպատակ ունենք էլ ավելի բարելավելու կրթական մակարդակը,- ասում է նա», դրա համար ուսուցիչները կվերապատրաստվեն, կավելացնենք ֆրանսիացի ուսուցիչների թիվը: Պակաս առաջնային խնդիր չէ նաև դպրոցի կառավարման համակարգի զարգացումը»:
Նշենք, որ Ֆրանսիական մանկապարտեզը հիմնադրվել է 2000 թվականին, իսկ դպրոցը՝ 2007-ին և առաջարկում են ֆրանսիական համարժեք հաստատություններում դասավանդվող կրթական ծրագրեր:
Ինչ վերաբերում է երեխաների ընդունելությանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան Միշել Կասբարյանն ասաց, որ դրա առաջին նախապայմանը հետաքրքրություն ունենալն է ֆրանսերենի և ֆրանսիական կրթական համակարգի նկատմամբ:
Կրթությունը վճարովի է: Ժան Միշել Կասբարյանի խոսքով՝ կախված կրթական տարբեր մակարդակներից՝ վարձավճարները տարբեր են: Միջինը տարեկան 2400 եվրո է: «Ի դեպ, սա կովկասյան տարածաշրջանում հաստատված և գործող ֆրանսիական դպրոցների համեմատությամբ ամենացածր միջին ցուցանիշն է,- հավելեց նա: «Գումարը չպետք է որոշիչ դեր խաղա, խոչընդոտի կրթությանը, որովհետև մեր առաջնահերթ նպատակը սաներին լավագույնս պատրաստելն է ու նրանց հետագա հաջողությունը: Ֆրանսիացի շատ սաներ կրթաթոշակ են ստանում, և մենք նպատակ ունենք շատ շուտով միջոցներ տրամադրել նաև հայ սաներին՝ հաշվի առնելով նրանց առաջադիմությունն ու սոցիալական պայմանները»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ