«Չի երևում, որ ընդդիմությունը վերջնագիր է դնում իշխանության առջև մինչև սեպտեմբերի 30-ը և իշխանությունը դիմադրում է: Ո՞ւր մնացին այն հայտարարությունները, որ կուսակցություններից մեկն ասում էր, թե ՀՀ-ն չպետք է մտնի Եվրասիական միություն, մյուսը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված հայտարարություն ունի, երրորդն ասում է Սերժիկ հեռացի´ր, ո՞ւր մնաց «Սերժիկ հեռացիր»-ը: Փոխարենն ասում են, եթե գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը աճի, ուրեմն «Սերժիկ հեռացիր»-ը և «Պայքար, պայքար մինչև վերջ»-ը գնում է մի կողմ»,-հունիսի 12-ին անդրադառնալով ոչ քառյակի ներկայացրած 12 կետերին այսպիսի կարծիք հայտնեց նորացված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց հայտարարությունը: 12 պահանջների շարքում է՝ վերացնել կուտակային պարտադիր բաղադրիչը, կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը, առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը և այլն:
Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ քառյակը իշխանության առաջ վերջնագիր չդրեց, և ու՞ր է այն հայտարարությունը, թե ՀՀ-ն չպետք է մտնի Եվրասիական միություն: Պատգամավորը արձագանքեց. «Ժառանգությունն իր հայտարարությունն արել է սեպտեմբերի 3-ից հետո՝ նշելով, որ դեմ է Եվրասիական միությանը և դա մեկ անգամ չենք հայտարարել: Այլ բան է, թե ինչ են նշանակում քառյակի կետերը: Սրանք չորս կուսակցությունների կողմից մշակված կետեր են, որտեղ տեսնում ենք, որ համատեղ հնարավոր է այս հարցերի լուծում պահանջել: Այնտեղ կետ կա, թե չի կարելի որևէ տեղ մասնակցել, որը խնդիր կառաջացնի ՀՀ-ի և ԼՂՀ-ի շրջանակներում: Հաշվի առնելով, որ չորս խմբակցությունները տարբեր դիրքորոշումներ ունեն ՀՀ արտաքին վեկտորի զարգացման իմաստով՝ որևէ այլ կետ այդ շրջանակներում չի քննարկվել: Քառյակը քննարկում և համաձայնություն է տալիս այն հարցերին, որտեղ հնարավոր է համատեղ մոտեցում ցուցաբերել: Մոտեցումն այն էր, որ որևէ տեղ գնալիս ՀՀ և ԼՂ միջև ստեղծված առևտրատնտեսական հարաբերություններում որևէ բան չպիտի փոխվի: Դրանից հետո, երբ խնդիրը գալիս է արտաքին ուղղվածությունների զարգացմանը, բնականաբար «Ժառանգությունն» իր պահանջն է ներկայացնելու. միշտ առաջ ենք բերելու Եվրոպական վեկտորի կողմնակից լինելը, մյուս ուժերը՝ իրենցը»: Ըստ Թևան Պողոսյանի՝ խնդիրն այն է, թե ինչպես են ընկալում քառյակի 12 կետերը: Պատգամավորը եզրափակեց. «Գուցե դա կարող է մեկնաբանվել, թե սա վերջնագրի շրջանակներում քննարկվի: Բայց մենք մեկնաբանում ենք այդ կետերը՝ որպես այն հարցերը, որոնք կարևոր են և դրանց պետք է լուծում տալ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ