Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի ձայն». «Ադրբեջանում վատթարանում է մարդու իրավունքների պաշտպանությունը». Էրիկ Ռուբին

Հունիս 12,2014 21:30

«ԱՄՆ-ը հիասթափված է Ադրբեջանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների այն մեղադրանքներով, որոնց համաձայն Միացյալ Նահանգները միջամտում է այդ երկրի ներքին գործերին այն դեպքերում, երբ մեր կարծիքն ենք կիսում կամ ժողովրդավարության հարցերով զբաղվող պատվիրակություններ ենք ուղարկում Ադրբեջան»

ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովում  անցկացվել են լսումներ «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների անվտանգության, տնտեսական և մարդու իրավունքների հարցերը» խորագրով, որոնց ընթացքում հանձնաժողովի առջև Միացյալ Նահանգների արտգործնախարարությունից հանդես են եկել ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը և ԱՄՆ-ի արտգործնախարարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիան:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովում, որը հայտնի է նաև «Հելսինկյան հանձնաժողով» անվամբ, իր ելույթում ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինն նշել է, որ Ադրբեջանում հետզհետե վատթարանում է ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մթնոլորտը:

«Մենք ցանկանում ենք սերտ համագործակցություն ծավալել Ադրբեջանի հետ ժողովրդավարացման հարցում նույն կերպ, ինչպես մենք իրականացնում ենք սերտ համագործակցություն անվտանգության և տնտեսական հարցերի շուրջ», – ասել է Էրիկ Ռուբինը: – «Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում առաջընթացը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն մեր երկկողմանի հարաբերությունների ամրապնդման համար, այլև երկարաժամկետում Ադրբեջանի կայունության համար: Մենք լուրջ մտահոգություններ ունենք Ադրբեջանում ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մթնոլորտի կապակցությամբ, որը հետզհետե վատթարանում է»:

Միացյալ Նահանգները, ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ռուբինի, «շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության, որի հիմքում ընկած է երկու պետությունների ժողովուրդների բարեկամությունն ու կառավարությունների միջև փոխադարձ հարգանքը»:

«Կառուցողական երկխոսություն սակայն նշանակում է, որ մենք կարող ենք և պետք է ծավալենք անկեղծ և ազնիվ քննարկումներ մեր միջև տարաձայնություն առաջացնող ոլորտներում: Համաձայնության և տարաձայնության հարցերի անկեղծ քննարկումը լուջ երկխոսության բնույթի մասերից է», – նշել է Ռուբինը՝ հավելելով. «Մենք, այսպիսով, հիասթափված ենք Ադրբեջանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների այն մեղադրանքներով, որոնց համաձայն Միացյալ Նահանգները միջամտում է այդ երկրի ներքին գործերին այն դեպքերում, երբ մեր կարծիքն ենք կիսում կամ ժողովրդավարության հարցերով զբաղվող պատվիրակություններ ենք ուղարկում Ադրբեջան»:

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին մասնակցած ԱՄՆ-ի արտգործնախարարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիան իր հերթին նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանում քաղաքական ազատությունների հետ կապված իրավիճակը հետզհետե վատթարացել է, և այս միտումը շարունակվում է:

Մելիայի համաձայն, դեռևս 2009 թվականին ժողովրդավարության ջատագովները, մասնավորապես քաղաքական ընդդիմության կուսակցությունները, արդեն իսկ մեծ դժվարություններ ունեին Ադրբեջանի քաղաքական կյանքում մասնակցություն ցուցաբերելու հարցում, սակայն այդ ժամանակից ի վեր երկրում իրավիճակը զգալիորեն վատթարացել է:

«ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների անվտանգության, տնտեսական և մարդու իրավունքների հարցերը» խորագրով անցկացված լսումների ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Մելիան որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարման օրոք քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող զանգվածային բռնությունների օրինակներ է բերել քաղաքացիական խաղաղ ակտիվիստների դատական հետապնդումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները թիրախավորող և վերջիններիս ծանր կացության մեջ գցող օրենքների ընդունումը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30