Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղ քաղաքին տեր է կանգնել, իսկ մենք մի սեփական կատու չունենք… ինչո՞վ ապրենք». բողոք Գյումրու շուկայում. (Տեսանյութ)

Հունիս 12,2014 21:12

Գյումրու կենտրոնական Շահումյան փողոցի շուկայում  սոցիալական բունտ է սկսվել. բաց տարածքում կանգնող  22  առևտրականներ բողոքում են, որ «Պինգվին» ՍՊԸ-ի տնօրինությունը անօրինական կերպով ուզում է իրենց այդ տարածքից հանել: Նրանց ներկայացմամբ, իրենք 2006 թվականին 20 տարի ժամկետով վարձակալական  պայմանագիր են կնքել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, սակայն ներկայիս քաղաքապետ  Սամվել Բալասանյանը ժողովրդի  շահերը պաշտպանելու փոխարեն, անցել է «Պինգվին» ՍՊԸ-ի տնօրեն,  օլիգարխ Ռուդիկ Խոջոյանի կողմը: «22 ընտանիք  սոված մնա, որ մի օլիգարխ հաց ուտե՞, էդ Խոջոյանը էս շուկայում  ոսկերչական ունի, ավտոստայանկա ունի, գազի զապռավկա ունի, լիքը ավտոներ ունի, էնքան ուտելու տեղեր ունի, բայց էստեղ կանգնած մեն մի մարդ մի սեփական կատու չունի, որ ապրի կամ կշտանա, սովի կմատնվինք, մեղք ենք…»:

IMG_2288

Բնակիչները բողոքում  էին, որ Սամվել Բալասանյանը իրենց չի ընդունում, երբ գնում են քաղաքապետի մոտ, նա իր «Ջիփ»-ը նստում ու փախնում է: Ըստ առևտրականների պատճառը պարզ է. Ռուդիկ Խոջոյանը Բալասանյանի  «մարդն» է: Նրանց ասելով,  իրենց տարածքը 140 մետր է, Շահումյան-Մայակովսկի փողոցում է գտնվում,  իսկ Ռուդիկ Խոջոյանինը` 1266 մետր է, որը իրենց փողոցի հետ ոչ մի կապ չունի: Եվ մինչ մենք լսում էինք բողոքավորներին, կանացից մեկը վատացավ,արյան ճնշումը բարձրացավ,  նրա համար շտապօգնություն եկավ:

 

Aravot.am-ը լսեց նաև «Պինգվին» ՍՊԸ-ի  փոխտնօրեն Էդուարդ Խոջոյանին,  որը մեզ փաստաթղթեր ցույց տվեց `այդ թվում նաև  սեփականության վկայականը, որը իրենց տրվել է  2008 թվականի դեկտեմբերի 23-ին: Էդուարդ Խոջոյանի ներկայացմամբ, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2005 թվականին իրենցից գաղտնի «Պինգվին» ՍՊԸ-ի անվամբ  կադաստրում վարձակալական հիմունքներով  գրանցված 1266 քառ մետր հողամասից 180 մետր քառակուսին բաժանել է 14 հոգու:

IMG_2293

 

Էդուարդ Խոջոյանի ասելով, թեև Վարդան Ղուկասյանը իրենց զրկել է այդ տարածքը օգտագործելու  հնարավորությունից, և այն  տվել է  անհատների, սակայն նախքան պաշտոնից  հեռանալը  դատի է տվել իրենց  ու հողամասի օգտագործման վարձակալության գումար պահանջել, որը կազմում է 7 միլիոն  դրամ: «Համ տարածքը չտան մեզ, համ էլ փողը գանձեն հա՞, դրա համար դիմել ենք վարչական դատարան, մեր տարածքը թող ետ տան մեզ, ազատեն էդ առևտրականներից, մենք 7 միլիոնը մուծենք»,- ասացին Խոջոյանները:

Խոջոյանների հետ հարցազրույցը` տեսանյութում:

 

Մենք այս թեմայի  շուրջ լսեցինք նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Գյումրու քաղաքապետն ասաց, որ գործը դատարանում է գտնվում և այս պահին ոչինչ ասել չի կարող: Սամվել Բալասանյանը հերքում է,  որ «Պինգվին» ՍՊԸ-ի ղեկավարությունը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: «Ամբողջ քաղաքը իմ հետ մտերիմ հարաբերությունների մեջ է , ես էս քաղաքում չունեմ թշնամիներ, ես ունեմ  միայն յուրայիններ և կփորձեմ էնպես անել, որ իմ համաքաղաքացիները ինձ հարգեն և սիրեն, ինձ համար օրենքի սահմաններում աշխատելը դա սկզբունք է», -ասաց քաղաքապետը: Իսկ  ինչո՞ւ  Սամվել Բալասանյանը  չի ընդունում  առևտրականներին, քաղաքապետը ասաց, որ վաղը իր ընդունելության օրն է, թող  գան, իրեն տեսնեն:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ազատուհի says:

    Գիտեք,շատ բաների հետ համաձայն եմ,բայց թե ով է քաղաքը դրել տակը ու կերել ու ուտում….այ դրահետ համաձայն չեմ….նախկինի կերածներին հեչ մեկը չի հասնի….ընորը ստամոքս չէր,ալ Դանայան դատարկությունն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30