Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը ապակայունացնում է ինքնիշխան պետություններին՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար»

Հունիս 12,2014 17:24

«Երևանյան երկխոսությունների» ընթացքում հունիսի 12-ին քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները՝ ՆԱՏՕ-ի 2014-ի գագաթնաժողովին ընդառաջ։

Քննարկումը նախաձեռնել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ):

ՏՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ի արևմտյան ոճի բարեփոխումները կամրապնդվեն ու նշեց, թե վերջին ամիսներին Եվրաատլանտյան անվտանգությունը վտանգված է ու մանրամասնեց. «ՀՀ-ում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնենք: Հայաստանը տարիների ընթացքում անվտանգությունն օգտագործողից վերածվել է անվտանգության ապահովման գործում լումա ներդրողի: Ինձ մտահոգում է այն, որ այս կապերի խորացումը կարող են նորովի վտանգվել Մոսկվայի խոչընդոտմամբ: Ուստի ՀՀ-ն պետք է պահպանի իր՝ որպես ՆԱՏՕ-ի դաշինքի գործընկերոջ կեցվածքը»:

ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Դր Կառլ Ա Լամերսը նշեց. «Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն բարեկամության ձեռք մեկնեց Ռուսաստանին՝ ճանաչել նրան՝ որպես ռազմավարական գործընկերոջ: Բայց այսօր կրկին խոսում ենք բաժանարար գծերի մասին եվրոպական մայրցամաքի տարածքում»: Այնուհետև Կառլ Լամերսը քննադատեց Ռուսաստանի կողմից որոշ երկրների նկատմամբ ճնշում գործադրելու փաստը ու շեշտեց. «Հույս ունեինք, որ անկախ պետությունները կկարողանան ինքնուրույնաբար՝ առանց որևէ այլ պետության ճնշման ընտրել, թե որ կազմակերպության և անվտանգության կառույցներին են ցանկանում միանալ: Բայց նախագահ Պուտինը, ապօրինաբար բռնակցելով Ղրիմը, ցույց տվեց, որ ինքը պատրաստ է ապակայունացնել ինքնիշխան պետություններին, ինչ է, թե հասնի իր աշխարհաքաղաքական նպատակներին: Ղրիմի ապօրինի բռնակցումը նոր հարացույց է ստեղծել և անվտանգության քաղաքական օրակարգը ՆԱՏՕ-ի և վերջինիս դաշնակիցների համար փոխել է, անվտանգության լրջագույն ճգնաժամ է առաջացրել: Ռուսների կողմից զինված միջամտությունը, ագրեսիան խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՌԴ-ի կողմից ստանձնած բազմաթիվ հանձնառությունները»:

Կառլ Լամերսը խոսեց Ուկրաինայում լարվածության մասին ու ասաց, թե պետք է քայլեր ձեռնարկել ընդդեմ Ռուսաստանի ագրեսիայի. դաշինքը կուժեղացնի իր ռազմական ներկայությունը արևելյան սահմանների վրա: Ըստ դոկտոր Լամերսի՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնավարումը ցույց է տալիս, որ այդ պետությունն ինքն է որոշելու իր ապագան:

Ելույթի ավարտին Կառլ Լամերսը շեշտեց, թե ՆԱՏՕ-ն, չնայած 65-ամյա գործունեության փորձ ունի, սակայն, թարմ է ու հզոր:

ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի
մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հավաստմամբ՝ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացքը հավաստել է ՀՀ իշխանությունների հավատարմությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններում. «Մենք այսօր ունենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների՝ փոխադարձ վստահության վրա հիմնված և զարգացման բարձր հեռանկարներ ունեցող հարաբերություններ: Օրինակ՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ իրականացվող խաղաղապահ գործողություններին ներկայումս Աֆղանստանում մասնակցում են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 121 ներկայացուցիչներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30