Հունիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Լադո Ասաթյանի 42 հասցեում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս և անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսաբնակ գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարին, վրաց մտավորականներ, հայ համայնքի մշակութային ու հասարակական գործիչներ:
Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, ով բարձր գնահատեց Թբիլիսիի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց հետ Վրաստանում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ իրականություն դարձած, համաշխարհային աստղագիտության բնագավառում մեծ ներդրում ունեցող ակադեմիկոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացումը Թբիլիսիում:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Մշակույթի և սոցիալական հարցերի քաղաքային ծառայության վարչության պետ Մամուկա Քացարավան, ով կարևորեց հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում՝ նշելով, որ հպարտ և ուրախ է, որ թբիլիսաբնակ հայազգի անվանի անձանց հիշատակին նվիրված հուշատախտակները տեղադրվում են Վրաստանի մայրաքաղաքում` միևնույն ժամանակ հայտնելով, որ այդ գործընթացը կրելու է շարունակական բնույթ:
Կարդացեք նաև
Շնորհակալական և դրվատանքի խոսքեր ուղղվեցին նաև թբիլիսաբնակ հայ մտավորականներին և բոլոր այն անհատներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակի ստեղծման և տեղադրման գործում:
ՀՀ ԱԳՆ