Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որը Ֆեյսբուքում հանդես է գալիս որպես «Նավակ ճոճող» երեկ կատարել է հետեւյալ գրառումը. «Միկոյանի ցուցանակի գործի հետ կապված վերջապես ստացել եմ ծանուցագիրս, և ինչպես կարգն է ներկայացել եմ Մաշտոցի ոստիկանության բաժանմունք բացատրություն տալու, բացատրությանս մեջ արարքս հիմնավորել եմ հետևյալ կերպ:
Անաստաս Միկոյանը միջազգային մասշտաբի պետական հանցագործ է, մեղավոր է հազարավոր մարդկանց գնդակահարության մեջ: Որպես ապացույց ձեզ եմ ներկայացնում ձեռքիս տակ եղած մի քանի փաստաթուղթ, որտեղ խոսվում է այն մասին, որ պետք է գնդակահարվեն մարդիկ, այդ փաստաթղթերի տակ առկա են նրա ստորագրությունները: Ոչ մի առիթ չունեմ կասկածելու, որ փաստաթղթերը արժանահավատ են, քանզի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը սույն թվականի հունիսի 3-ին տեղի ունեցած ասուլիսում, ևս մի անգամ վերահաստատել է, որ փաստաթղթերը արժանահավատ են:
Քանի որ ոստիկանությունը ոչ մի բան չի ձեռնարկում խոչընդոտելու մարդկության դեմ հանցագործություններ կատարած Միկոյանի արձանի տեղադրմանը և փողոցի վերանվանմանը, ինչպես նաև քրեական գործ չի հարուցում այդ հանցագործությունները չարամտորեն արդարացնող, նրա անվամբ փողոց անվանելու և արձան տեղադրելու նախաձեռնությամբ հանդես եկող մարդկանց դեմ, ես որպես ՀՀ քաղաքացի, օգտվելով ՀՀ Սահմանադրությունով և միջազգային կոնվենցիայով ինձ վերապահված իրավունքից, իմ կողմից նախաձեռնված բողոքի ակցիայով իրագործել եմ իմ ազատ խոսքի իրավունքը և կանխել որոշ խմբերի կողմից իրականությունը խեղաթյուրելու և հանցագործությունները պարտակելու փորձերը, վերականգնել եմ արդարությունը հազարավոր անմեղ գնդակահարվածների հարցում:
Ավելացնեմ նաև, որ բացատրության մեջ մատնանշել եմ, որ գիտակցել եմ, որ կատարում եմ իրավախախտում, որ արածիս համար չեմ զղջում, և որ եթե ցուցանակը կրկին կախվի նույն վայրում՝ կկրկնեմ նույն գործողությունը:
Հ.Գ. Ավելացնեմ նաև այն, որ այս պահի դրությամբ Դավիթաշենի կամրջի վրայի և Դավիթաշենի կամրջի տակի երկու ցուցանակներն էլ բացակայում են: Չնայած նրան, որ այն ցուցանակը, որի վրա գրառում էի կատարել մյուս օրը արդեն իսկ փոխված էր»:
Նշենք, որ «Առավոտն» այսօր փորձում էր հավելյալ մանրամասներ պարզել հարցաքննության մասին, սակայն պարզվեց, որ Վիլեն Գաբրիելյանին այժմ էլ բերման են ենթարկել Աֆրիկյանների տան պատնեշի վրա գրառում կատարելու համար:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ Tert.am-ի