Հունիսի 9-11-ը ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի հրավերով Արխանգելսկում էր գտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ:
Հունիսի 10-ի առավոտյան հայաստանյան պատվիրակությունը հանդիպեց Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի և նահանգային իշխանության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության, մասնավորապես Արխանգելսկի նահանգի և Վայոց Ձորի մարզի գործարար և մշակութային խնդիրներ պարունակող կոնկրետ հարցեր:
Հանդիպումից հետո Արխանգելսկի Ուսպենսկի Սուրբ Աստվածամոր տաճարի առջև տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը և մետրոպոլիտ Դանիիլը:
Այնուհետև պատվիրակության անդամները մասնակցեցին վեցերորդ Հյուսիսային միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Արխանգելսկի մարզի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի և հոգու ազատության Հասարակական պալատի նախագահ, Արխանգելսկի տարածաշրջանային հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը: Ելույթով հանդես եկավ նաև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր խոսքում կարևորեց մարզի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերությունները:
Կարդացեք նաև
Համաժողովից հետո տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Արխանգելսկի և Վայոց Ձորի մարզերի միջև` բուժիչ-առողջարար զբոսաշրջության բնագավառում համագործակցության հարցերի վերաբերյալ:
Երեկոյան պատվիրակության անդամները մասնակցեցին վեցերորդ Հյուսիսային միջազգային համաժողովի և Արխանգելսկում Հայաստանի մշակութային օրերի հանդիսավոր բացման արարողությանը:
ՀՀ ԱԳՆ