Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Աշոտյանի, ռուս պաշտոնյաները պետք է ճիշտ խոսեն հայ հասարակության հետ

Հունիս 12,2014 16:22

Արդյոք սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին հայտարարության հետ է կապված ռուսաց լեզվի ակտիվ քարոզչությունը Հայաստանում. այսօր կառավարության նիստից հետո, լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որն ի պատասխան ասաց. «Ես կրթության եւ գիտության նախարարն եմ եւ զբաղված եմ բացառապես հայոց լեզվի եւ Հայաստանի կրթական համակարգի քարոզով: Ինչ վերաբերում է մեր արտասահմանյան կապերին, դրանք այնքան բազմազան են, որ որեւէ մեկը չի կարող մեզ մեղադրել որեւէ մեկ ուղղության մեջ: Մենք սպասարկում ենք բացառապես Հայաստանի Հանրապետության շահը»:

Հիշեցնենք, որ երեկ «Россия сегодня» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Ազգային ժողովում հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության նիստին կարծիք էր հայտնել, թե ռուսաց լեզուն Հայաստանում կորցրել է իր դերը, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, եւ Հայաստանի անվտանգությունը կտուժի:

Ըստ պարոն Աշոտյանի, օտարալեզու դպրոցների մասին օրենք ընդունելու շուրջ էլ բուռն քննարկումներ եղան, թե դա Կրեմլի ձեռքն է, Սպիտակ տան ձեռքն է, բայց այսօր այդ օրենքի շրջանակներում օտարալեզու 2 դպրոց կա, Դիլիջանի դպրոցն էլ անգլիալեզու է լինելու. «Այս հարցը հեշտ քաղաքականացվող հարց է: Անցյալ տարի ասել եմ, այսօր կրկնեմ` մեր ռուս գործընկերները, պաշտոնյաները, երբ գալիս են Հայաստան, պետք է ճիշտ խոսեն հայ հասարակության հետ, հակառակ դեպքում կստեղծվի իրավիճակ, երբ մեր ռուս գործընկերների հայտարարությունների հետեւանքով կունենանք այն հայտնի առակի վիճակը, երբ զորեղ կենդանին մտնում է շատ նուրբ արտադրանքով առեւտրամաս, (նկատի ունի հայտնի առակը, ըստ որի փիղը սպասքի խանութում իրեն անփույթ էր պահում, այնտեղ չէր տեղավորվում ու ջարդուփշուր էր անում ամեն ինչ Ն. Բ), ռուսներն ասում են «ведет себя как слон в посудной лавке»: Եվրասիական ցանկացած այլ տեսակի հարթությունների մեջ պետք է հստակ դիտարկել հետեւյալը` Հայաստանը ունիկալ երկիր է Եվրասիական տարածքում, որովհետեւ նաեւ Հայաստանում ռուսաց լեզուն պետական լեզու չէ, այն ունի սահմանադրական կարգավիճակ Բելառուսում եւ Ղազախստանում, մենք չենք տեսնում անհրաժեշտություն, ես անձամբ չեմ տեսնում անհրաժեշտություն ռուսաց լեզվին սահմանադրական կարգավիճակ տալու, որովհետեւ Հայաստանը մոնոէթնիկ է, մեր պետական լեզուն հայերենն է, եւ մենք շահագրգիռ ենք այն տարածել որպես օտար լեզու»:

Հարցին էլ, թե` ինչ է կարծում նախարարը, 1828 թվականից Ռուսաստանը փոխե՞լ է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ որպես գավառի, պարոն Աշոտյանն ասաց. «Ես չեմ ճանաչում եւ ոչ մի կայսրություն, որը նախկինում իր տիրապետության տակ եղած տարածքներում չփորձի քաղաքակիրթ եւ ժողովրդավար եղանակներով, այդուհանդերձ, ամրապնդել իր դիրքերը: Ցույց տվեք մի կայսրություն, որն այդպես չի արել, սկսած Օսմանյանից մինչեւ Բրիտանական, Ֆրանսիականից մինչեւ Ռուսական, Ավստրոհունգարականից մինչեւ Չինական»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30