Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բիանջյան. «Հին Երեւան» նախագիծը միֆ է

Հունիս 12,2014 15:49

«Այս շենքն, ասես, ամենահիասքանչ շենքն էր, եւ չէի կարծում, որ այս շենքը կարժանանար այս ճակատագրին»,- այսօր՝ հունիսի 12-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ, ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը:

Նա նշեց, որ արդեն տաս տարի է նման շենքեր է լուսանկարում եւ կարծում է, որ Աֆրիկյանների ակումբի շենքը ամբողջականացնում է Երեւանի տեսքը: Ֆոտոլրագրողը խոստովանեց, որ չէր սպասում, որ շենքն այս ճակատագրին կարող էր արժանանալ, քանի որ այն համարվում է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի խորհրդանիշը: Հայկ Բիանջյանը համարում է, որ շենքը միայն իր տեղում է հուշարձան եւ տեղափոխելով նրան մեկ ուրիշ վայր, նա իր արժեքը կկորցնի. «Սակայն երկու տարի առաջ այս շենքն էլ համարակալվեց, երկու տարի էր գտնվում էր անմխիթար վիճակում՝ քանդվում էին ներսի պատշգամբները, կտուրը, եւ ոչ մեկին դա չէր հետաքրքրում:Արդեն հասավ վերջնական փուլը, երբ շենքը պետք է ապամոնտաժվի»:

Հայկ Բիանջյանը նշեց, որ քաղաքային իշխանությունները պատճառաբանում են, որ շենքը ապամոնտաժում են, քանի որ փողոցը նեղ է, եւ պետք է լայնանա: Այդ պատճառաբանությանը ֆոտոլրագրողը երկու լուծում առաջարկեց. «Ո՞ւր էին այդ էլիտար շենքերը, երբ որ այս շենքն իր տեղում էր. Փողոցը կառուցապատված է եղել 18-րդ դարի վերջին: Այդ դեպքում, թո՛ղ էլիտար շենքերը մի քիչ հետ տան կամ փողոցը դարձնեն միակողմանի»:

Անդրադառնալով արդեն ապամոնտաժված շենքերի ճակատագրին՝ ֆոտոլրագրողը նշեց, որ ինքը նկարել է, թե որտեղ եւ ինչ վիճակում են նրանք գտնվում: Նա հայտարարեց, որ այդ շենքերի քարերը թափված են տարբեր կազմակերպությունների շինհրապարակներում եւ արեւի, անձրեւի, ձյան տակ ոչնչանում են. «Այդ «Հին Երեւան» նախագիծը, որի վրա այդքան չարչարվում էին, միֆ է: Հերթական անգամ՝ սպասե՛ք, այս շենքն էլ կտանենք, մի՛ անհանգստացեք»:

Իսկ ճարտարապետ Աշոտ Սմրջյանը նշեց, որ շենքն այլ տեղում կառուցելու միտքը հիշեցնում է անորակ թատերական ձեւավորումներ եւ շինությունն այլեւս իրենից քաղաքաշինական բջիջ չի ներկայացնում: Նա օրինակ բերեց եվրոպական եւ ամերիկյան քաղաքները, որտեղ մշակութային ժառանգությունները շատ խիստ պահպանվում են. «Միայն Բրյուսելում հիսունական թվականներին բավականին շատ պատմական շենքեր քանդվեցին, բայց դա բերեց նրան, որ Բրյուսելի կառավարությունը վերջին քսան տարիների ընթացքում շատ խիստ օրենքներ ընդունեց պատմական շենքերի վերաբերյալ, բայց ցավոք սրտի, արդեն ուշ էր: Մեր դեպքում էլ՝ ավելի ուշ է, եւ Երեւանի պատմական ժառանգությունն այնքան քիչ է պահպանվել, որ մենք աչքի լույսի պես պետք է մեր ունեցածը պահպանենք, առավել եւս Աֆրիկյանների ակումբի շենքի պես ճարտարապետական գոհարը, որը ցանկացած քաղաք կարող էր զարդարել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30