Հունիսի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն` ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը (նախագահող դատավոր` Կարինե Պետրոսյան):
Լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Եղնուկյանը մտահոգություն հայտնեց, թե այս գործով նախկինում երկու դատական նիստ է եղել, որոնք հետաձգվել են: Պարոն Եղնուկյանն այստեղ միտում է տեսնում ու նշում. «Անցյալ նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչներն էին ներկայացել ու պնդում էին, թե Սամվել Ալեքսանյանը Ծածկած շուկայի սեփականատերը չէ, սեփականատերը «Թիվ մեկ» ՍՊԸ-ն է»: Այս առիթով պարոն Եղնուկյանն ասաց. «Մարդը ներկայացնում է, թե Ծածկած շուկայի սեփականատեր չէ, բայց թույլ է տվել, որ իմ նկարով, իմ հասցեին մասոն, գրանտակեր գրված արտահայտություններով պաստառ կախված լինի այդ կառույցի վրա»:
Կարո Եղնուկյանը հայտարարեց, թե Սամվել Ալեքսանյանը փորձում է թաքնվել ՍՊԸ-ների փեշերի տակ ու մանրամասնեց. «Մենք ունենք փաստեր, որ Սամվել Ալեքսանյանն անձամբ ասել է, թե շուկան այսպես է լինելու, այնպես է լինելու, կամարները վերակառուցելու է: Եթե ինքը չէր տերը, ի՞նչ իրավունք ուներ նման հայտարարություններ անել, կարո՞ղ է սեփականատերը լիազորել էր իրեն ասել՝ կամարները վերակառուցելու եմ և այլն»:
Aravot.am-ի հարցին` ինչի՞ց է վախենում Սամվել Ալեքսանյանը, պարոն Եղնուկյանը պատասխանեց. «Մարդ, որը խուսափում է պատասխանատվությունից, որ իր խոսքի տերը չէ, պիտի ամեն քայլի դիմի, որ խուսափի: Իմ մեքենաները երկու անգամ իր հրահանգով վնասեցին, բայց ինքը այդ տղամարդկությունը չունի, որ ասի` արել եմ, լավ եմ արել: Բայց դա էլ չի կարողանում ասել և խուսափում է, քանի որ, եթե այդպես ասի, ավելի է ընկնելու այն փոսը, որը փորում է իր համար: Բայց խուսափել չի լինի, ի վերջո ինքն այդ փոսի մեջ ընկնելու է»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին` ի՞նչ ապացույցներ ունեն, որ պաստառի պատվիրատուն հենց Սամվել Ալեքսանյանն է, պարոն Եղնուկյանը պատասխանեց. «Այդ պաստառը հնարավոր չէր Ծածկած շուկայի շենքի վրա կախել դրսից, դրա համար աստիճան էր պետք բերել, դա անպայման շենքի ներսից պիտի անեին: Դրա համար էլ ժամանակին մենք դիմեցինք ոստիկանություն և դատախազություն, որպեսզի պարզեինք, թե ովքեր են պատվիրատուներն ու իրականացնողները: Սակայն այդ երկու մարմինները անգործության են մատնվել, և ութ ամիս է անցել դեպքից, միայն «Բոգո» մականունով անձնավորությանն են քննել, որին ես հետապնդման մեջ էի մեղադրում: Սամվել Ալեքսանյանը, ինչքան էլ երեսփոխան լինի, հնդկական թագուհիների պես տասը ձեռք չունի, որ բոլոր ոստիկանների ու դատավորների բերանը փակի: Ուստի սա ավելի վերևից` Բաղրամյան 26-ից է գալիս, քանի որ մեր թիրախը ոչ թե Սամվել Ալեքսանյանն է, ես նրան չեմ ճանաչում ու չեմ էլ ուզում ճանաչել, նրա նկատմամբ թշնամանք չունեմ, այլ մենք համակարգն ենք դատապարտում, իսկ համակարգի պատասխանատուն Բաղրամյան 26-ն է»:
Ապացուցմանը վերաբերող` մեր հարցի կապակցությամբ փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց. «Սամվել Ալեքսանյանի հրահանգները թղթով ու ստորագրությամբ չեն կատարվում, ու թվում է, թե հայցը պիտի այս հիմքով մերժվի: Բայց մենք գալիս ենք այլ կողմից: Եթե պաստառը Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները չեն փակցրել, ապա ինչո՞ւ չեն հանձնարարել հանել այդ պաստառը, իրենք հանդուրժել են, նշանակում է, որ համաձայն են եղել դրան: ՀՀ-ում այդքան խիզախ մարդիկ չունենք, որ Սամվել Ալեքսանյանի դեմ գնան ու մի քանի անգամ հանելուց հետո նորից փակցնեն այդ պաստառը նրա անվան հետ կապվող կառույցի վրա»:
Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ իրենց պահանջը վերաբերում է հայցվոր կողմի պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը վերականգնելուն և հայցի բավարարման դեպքում պատասխանող կողմը կենթարկվի երեք միլիոն դրամ փոխհատուցման:
Կարո Եղնուկյանը հավելեց. «Սամվել Ալեքսանյանը պետք է պարտադրվի Ծածկած շուկայի պատին փակցնել պաստառ` իմ նկարով պաստառից երկու անգամ մեծ, որի մի կողմում ինքն է, մյուսում` Սամվել Ալեքսանյանը և նրա խոսքերը`«ներողություն եմ խնդրում իմ արարքի համար, մեղա-մեղա, մեկ էլ չեմ անի»: Կարող Եղնուկյանը նշեց նաև, որ պատրաստ է հոգալ այդ պաստառի ծախսերը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ