Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտին եկամտահարկի արտոնություններ տալը, ըստ Բագրատյանի, հակասահմանադրական է

Հունիս 12,2014 15:09

Ազգային ժողովում այսօր շարունակվում էր երեկ սկսված քննարկումը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրինագծի շուրջ: Այս օրենքի նախագիծը կառավարությունը հեղինակել է դեռ 2000 թվականից Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղ համարվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ավելի գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Օրենքի նախագծի հետ նախատեսվում է նաեւ շահութահարկի եւ եկամտահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարել, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաեւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում):

Ըստ կառավարության բերած հիմնավորման՝ «Նշված արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության եւ երկրի վարկանիշի բարձրացմանը»:

Հիմնավորման մեջ նաեւ նշված է, որ «Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսական մուտքերի նվազեցում չի նախատեսվում, քանի որ ներկայացված նախագծերով հարկային արտոնություններ են նախատեսվում միայն ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար: Հավաստագրված սկսնակ ընկերությունները կվճարեն 10% եկամտային հարկ, ինչը կնպաստի ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: Նշված արտոնությունների տրամադրումը կարեւոր խթան կհանդիսանա նաեւ ստվերում գործող ՏՏ ոլորտի սուբյեկտների գրանցման եւ իրավական դաշտում գործելու համար»:

Այսօր իր ելույթում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասաց, որ այս օրենքից Ազգային ժողովում ներկայացնող էկոնոմիկայի նախարարի 1-ին տեղակալ Գարեգին Մելքոնյանը մասնագետ չի, չի տիրապետում հարցին: Եվ ինչպես միշտ առաջարկեց, որ եթե մի բան չգիտեն՝ գան իրեն հարցնեն:

Նա հայտարարեց. «Եկեք մեկընդմիշտ պայմանավորվենք, որ եկամտահարկի գծով հարկային արտոնություն լինել չի կարող, որովհետեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կա հոդված, որ բոլոր քաղաքացիները հավասար են, դա քաղաքացու հիմնարար իրավունքն է, եւ դրան պետք է հարմարեցվի օրենքը»: Ըստ Բագրատյանի՝ եթե ուզում են հարկային արտոնություն տալ, ապա կարող են բոլոր ներդրում անողներին տալ եւ ոչ՝ ըստ կոնկրետ մասնագիտության եւ ոլորտի, եւ եթե այս հարցով որեւէ մեկը դիմի Սահմանադրական դատարան՝ այդ օրենքը հակասահմանադրական կճանաչվի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30