Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացուն գումար է անհրաժեշտ՝ սեփական բնակարանը աճուրդում գնելու համար

Հունիս 12,2014 15:03

«Մի օր ես մարդ էի, որ սեփականության իրավունքով գույք ունեի Հայաստանի մայրաքաղաքում եւ բացարձակապես անհեթեթ իրավիճակներում իմ գույքը գնում է հանրային սակարկություններով վաճառքի»,- այսօր՝ հունիսի 12-ին, «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Երեւանի Գաջեգործների 36/2 հասցեի բնակիչ Հեղնար Ունուսյանը:

Նա նշեց, որ Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան իր հարեւան համասեփականատերերը հայց են ներկայացրել իր դեմ՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորներից Համբարձում Սեմերջյանի սեփականության իրավունքը ճանաչել Գաջեգործների փողոց 36/2 հասցեում գտնվող հողամասի վրա կառուցված ավտոտնակից մնացած հարթակի եւ այդ հարթակով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ, եւ պարտավորեցնել վճարել հայցվորի բաժնեմասի դիմաց, իսկ անհնարինության դեպքում գույքը վաճառել հրապարակային սակարկություններով եւ գումարը մասնակիցների միջեւ բաժանել:

Հեղնար Ունուսյանն առաջին հայցապահանջը ապօրինի համարեց, քանի որ համարում է, որ ձեռքբերման վաղեմության ինստիտուտը կիրառելու համար անհրաժեշտ է չորս միաժամանակյա վավերապայմանների առկայությունը. «Դատավոր Վլադիմիր Ասլանյանը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է սեփականության իրավունք ապօրինի կառույցի նկատմամբ այն դեպքում, երբ Քաղաքացիական օրենսգրքում հստակ ասվում է, որ ձեռքբերման վաղեմության ինստիտուտը ապօրինի կառույցների նկատմամբ չի կարող կիրառվել: Այդ ավտոտնակի նկատմամբ երկու հարեւաններով վեճ ենք ունեցել, ես դիմել եմ 2012 թվականին դատարան, որպեսզի նրանք վտարվեն իմ հողամասում իրենց կողմից կառուցված ապօրինի ավտոտնակից, եւ հայցվորներն այնքան են ընդունել իմ կողմից ընդունված հայցը, որ չսպասելով դատական ընթացքին եւ ավարտին՝ քանդել են այդ ավտոտնակը եւ հեռացել են իմ հողամասից»:

Հեղնար Ունուսյանը հայտարարեց, որ եթե չկարողանա պայքարել երկրորդ հայցապահանջի դեմ, ապա հայտնվում է աղետալի իրավիճակում, քանի որ իրեն պետք է դրամ՝ աճուրդին մասնակցելու եւ սեփական բնակարանը գնելու համար, իսկ եթե չունենա պահանջված գումարը, ապա ինքն իր երկու երեխաների հետ կմնա առանց տանիքի. «Հայցվորների ծպտված մտադրությունը դատավարության վերջում ինձ հայտնի դարձավ՝ կիջեցնեն աճուրդում այդ գույքի արժեքը՝ լավագույն դեպքում կդնեն 10 հազար ԱՄՆ դոլար, որի 5000-ը ինձ կտան, 5000-ը՝ իրենց»:

Տիկին Ունուսյանը նշեց, որ դատարանը հաստատել է, որ գույքն անհնար է առանձնացնել, մինչդեռ նրա պնդմամբ՝ հարկերը առանձնացված են, բնակարանների մուտքերն առանձին են, կոմունալ հարմարություններն առանձին են. «Ինչպե՞ս կարող են այս կարգի առանձնացված տան համար պահանջել վճարել բաժնի արժեքը»:

Հեղնար Ունուսյանը խոստովանեց, որ դատական նիստերի ընթացքում՝ իրեն համարելով գրագետ մարդ, չի դիմել փաստաբանների օգնությանը: Նա նշեց, որ գործն արդեն Վերաքննիչ դատարանում է, դատական առաջին նիստը տեղի է ունենալու հունիսի 19-ին, որտեղ արդեն իր շահերը ներկայացնելու է փաստաբանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30