Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Մուննաթների ցուցակ կա եւ հայաստանյան կողմի մոտ» (Տեսանյութ)

Հունիս 12,2014 14:54

«Լեզվական օրենսդրության փոփոխության կարիք մենք չունենք: Հայաստանում թույլատրված է միջազգային կրթական ծրագրեր իրականացնել ավագ դպրոցի մակարդակում, եւ գործող օրենքի համաձայն, հնարավորություն կա ունենալ 4 անգլիալեզու կամ ֆրանսալեզու, կամ ռուսալեզու դպրոց Հայաստանի Հանրապետությունում, ռուս գործընկերները այդ քվոտայից չեն օգտվել, ի տարբերություն միջազգային գործընկերների»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին` թե ինչպե՞ս է վերաբերում երեկ «Россия сегодня» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարությանը, թե ռուսաց լեզուն Հայաստանում կորցրել է իր դերը, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, եւ Հայաստանի անվտանգությունը կտուժի, ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա ասաց, որ Հայաստանի տարածքում ռուսաց լեզվի տարածման համար լավագույն պայմաններն են: «Ինչ վերաբերում է մեր մոտեցմանը, ապա կա քաղաքական կամք տարածելու, որովհետեւ ռուսաց լեզուն անվտանգության տեսանկյունից, ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինելով, դա ռուսական արտադրության զինտեխնիկայից օգտվելու համար միջազգային շփման լեզու է եւ ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության տարածքում»,-ավելացրեց պարոն Աշոտյանը:

Զինտեխնիկայից օգտվելու համար ռուսաց լեզվի իմացության անհրաժեշտության վերաբերյալ պարոն Աշոտյանի այդ կարծիքի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն էլ դիտարկում արեց, որ Ռուսաստանը շատ երկրների է զինամթերք վաճառում, օրինակ` Եգիպտոսում, եթե ռուսերեն չգիտեն, այդ դեպքում «Կալաշնիկով» զենքից կրակելն իրենց համար խնդի՞ր է, պարոն Աշոտյանն, ըստ էության, չպատասխանեց հարցին, ռեպլիկ արեց, թե այդ ռադիոկայանն էլ ԱՄՆ պետդեպարտամենտից է ֆինանսավորվում:

Մեկ այլ դիտարկմանն էլ, թե հիմք կա՞ր, որ Կիսելյովը «մուննաթ» գար, Աշոտյանն ասաց. «Չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունների դեպքում կարելի է խոսել փոխադարձ «մուննաթների» ցուցակով: Փոխադարձ «մուննաթների» ցուցակ կա ե’ւ հայաստանյան կողմի մոտ, այն մոտեցումը, թե դուք սա չարեցիք, դուք` սա, դա կոնստրուկտիվ մոտեցում չէ»:

Ըստ պարոն Աշոտյանի, կան շրջանակներ, որոնք ռուսական պաշտոնյաների, կամ հանրային դեպքի որեւէ խոսք կարող են դիտարկել որպես քաղաքական ակտ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Կիսելյովի եւ ռուսաց լեզվի մասին Աշոտյանի այլ դիտարկումները կարող եք կարդալ նաեւ այսօրվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30