Երեկ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) զեկույց է ներկայացրել Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի ԱՄՆ«Հելսինկյան հանձնաժողովի» լսումներին, որը վերնագրված էր. «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների անվտանգության, տնտեսական և մարդու իրավունքներիչափումները»,- հաղորդում է Համագումարը: Թեև Հելսինկյան հանձնաժողովը նշեց, որԱդրբեջանն անդամակցում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) և նա ներկայումս նախագահում է Եվրոպայի Խորհրդում (ԵԽ), Հելսինկյան հանձնաժողովը կարևորեց այն փաստը, որ «Ադրբեջանը մշտապես քննադատվել է իր ոչ ժողովրդավարական ընտրությունների և իր քաղաքական հակառակորդներին պատժելու հարցում դատական համակարգի օգտագործման համար»:
Հանձնաժողովի՝ Ադրբեջանի ոչ ժողովրդավարական ուղին ընտրելու վերաբերյալ այս լսումը երկրորդն է վերջին տարիների ընթացքում: Անցյալ տարի Համագումարը նույնպես ներկայացրել էր զեկույց Հելսինկյան հանձնաժողովին Ադրբեջանում աճող ավտորիտարիզմի վերաբերյալ, որի կապակցությամբ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը փորձեց վիճարկել Համագումարի` ամերիկահայ համայնքի անունից վկայելու իրավունքը, թեև ամերիկահայ գաղութի անդամներից ոմանք գաղթել են Միացյալ Նահանգներ Սումգայթի, Բաքվի և Կիրովաբադի հակահայկական ջարդերից հետո: Համագումարի զեկույցը պարզաբանեց, որ Ադրբեջանի հարցի շուրջ վերջին լսումներից ի վեր «դժվար է նշել որևէ էական առաջխաղացում»:
Հիմնականում լսումները շրջանցեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունները, Ադրբեջանի կառավարության ռազմատենչ հռետորաբանությունը և Լեռնային Ղարաբաղ-Հայաստան սահմանին զինադադարի ռեժիմի խախտման հաճախակիացումը: Սույն զեկույցում Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կարևորել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացի հարցում Ադրբեջանի անզիջողականությունը, ինչի մասին վկայում է նրա կողմից զինադադարի շարունակական խախտումները և Հայաստանի ու Ղարաբաղի դեմ հռետորաբանությունը: Արդունինմասնավորապես բարձրաձայնեց Համագումարի կոչը` Լեռնային Ղարաբաղին անմիջական բանակցությունների ներգրավելու վերաբերյալ: Ի հավելումն, Արդունին Հանձնաժողովին կոչ է արել ուշադրություն դարձնել մտահոգության հիմնական ոլորտներին, որոնց թվում արժե հիշատակել «Ադրբեջանում հայկական եկեղեցիների ոչնչացումը, բռնագրավումը և փոխակերպումը, ինչպես նաև Նախիջևանի շրջանում հայ քրիստոնեական ժառանգության վերացումը»: Համագումարի զեկույցը Հանձնաժողովին նաև կոչ է արել «մանրակրկիտ քննել Սաֆարովյան սկանդալը և դրա հետ կապված զարգացումները մարդու իրավունքների հարցում՝ միջազգային իրավունքի ոլորտում, ինչպես նաև դեպքի ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության և հակամարտության կարգավորման վրա»: Արդունին մատնանշեց, որ «փորձելով բարելավվել իր իմիջը և իր վիթխարի նավթային հարստությունը օգտագործելով քաղաքական աջակցություն ստանալու նպատակով՝ Ադրբեջանը դարձել է Միացյալ Նահանգներում լոբբինգ իրականացնելու վրա ամենաշատ փող ծախսող երկրների տասնյակի անդամ»:
Հանձնաժողովի նախագահ սենատոր Բեն Քարդինը բացեց լսումները` ուշադրություն հրավիրելով ընդդիմադիր խմբերի, հասարակական կազմակերպությունների և ակտիվ բլոգերների ու լրագրողների նկատմամբ Ադրբեջանի բռնաճնշումների վրա: Քարդինը ասաց, որ նա «մտահոգված է», մասնավորապես անցած աշնանը Ադրբեջանի նախագահական ընտրությունների հարցով, որոնք նրա կարծիքով «չէին համապատասխանում միջազգային չափանիշներին»: Մայիսի 30-ին Քարդինը հայտարարություն էր ներկայացրել մարդու իրավունքների պաշտպաններ Լեյլա Յունուսի և նրա ամուսին Արիֆի նկատմամբ ոտնձգության, ձերբակալման և կալանավորման վերաբերյալ: Բացի այդ, մայիսի 6-ին Քարդինը և Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը համատեղ հայտարարություն էին ներկայացրել` քննադատելով Ադրբեջանի կառավարությանը իրենց «քաղաքացիական հասարակության վրա հարձակման» համար: Քարդինը և Սմիթը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամ սենատոր Ռոջեր Ուիքերը ներկա էին երեկվա լսումներին: Բոլոր երեքն էլ այցելել են Բաքու անցած տարվա ընթացքում:
Կարդացեք նաև
Սենատում տեղի ունեցած այս լսումներին զեկույց են ներկայացրել նաև Էրիք Ռուբինը՝ Պետքարտուղարության Եվրոպական ու եվրասիական հարցերի վարչության աշխատակից, Թոմ Մելիան՝ Պետքարտուղարության Մարդու իրավունքների ու աշխատանքի վարչության աշխատակից, Միրիամ Լանսքոյը՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերի պատասխանատուն, և Բրենդա Շաֆերը՝ Ջորջթաուն համալսարանի Եվրասիական, ռուսական ու արևելաեվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի գիտայցելու:
Ռուբինն ու Մելիան քննարկեցին մի շարք հարցեր, նշելով Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումների կրկնվող դեպքերի, կեղծ պատճառներով ձերբակալումների ու կառավարության կոռումպացված լինելու փաստերի մասին: Մասնավորապես Մելիան ասաց. «Սրանք այն գործողությունները չեն, որ ԱՄՆ-ն կամ միջազգային հանրությունը կցանկանար տեսնել գործընկերոջ, ԵԱՀԿ անդամ պետության և ԵԽ նախարարների հանձնաժողովի նախագահի կողմից»:
Ամերիկայի Հայկական Համագումար