Երեկ Դմիտրի Կիսելյովի հետ հանդիպմանը, որից այսօր դժգոհություններ եղան Ազգային ժողովում, մասնակցել էր նաեւ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Խնդրեցինք, որ նա իր տպավորությունը փոխանցի երեկվա հանդիպումից: Տիկին Աճեմյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նախ նշեց, որ որեւէ խոսք նահատակների մասին կամ Լեռնային Ղարաբաղի հարցով որեւէ վիրավորական ակնարկ երեկ չի եղել:
Նրա տպավորությամբ՝ հանդիպման հիմնական նպատակը Կիսելյովի եւ նրա թիմի կողմից հակաամերիկյան եւ հակաարեւմտյան քարոզչություն անելն էր: Նրանք խոսել են «Սորոս» հիմնադրամից՝ խիստ բացասական ենթատեքստում, հակաուկրաինական տեսակետներ են հայտնել եւ այլն:
Տիկին Աճեմյանը համառորեն չէր համաձայնվում լրագրողների կարծիքին, որ մեր պատգամավորները պետք է Կիսելյովին համարժեք պատասխան տային, թույլ չտային, որ նա այդ տոնով խոսի, ինչ-որ դժգոհություններ կամ սպառնալիքներ հայտնի: Նա ասաց, որ դա բանավեճային ակումբ է, եւ «այն հարթակը չէր, որ մենք սկսեինք հակադարձել»:
Նա ասաց, որ չի կիսում տեսակետը, թե Հայաստանում ռուսերենը հետընթաց է ապրում, եւ որ այդ մասին Կիսելյովին հակադարձել է նաեւ Հերմինե Նաղդալյանը: Լրագրողների պնդմանը, թե դա հակադարձում չէր, այլ արդարացում, Կարինե Աճեմյանն ասաց, որ ոչ, արդարացում չէր, ուղղակի պարզաբանում էին, որ իրավիճակն այդպիսին չէ, ինչպիսին ներկայացրել է Կիսելյովը: «Որովհետեւ մենք փոքր երկիր ենք, Ռուսաստանը մեծ երկիր է: Ո՛չ, մեր լրագրողը չէր կարող իրեն այդպես պահել Պետդումայում»,-այսպես պատասխանեց ԱԺ Հանրապետական կուսակցության պատգամավորը հարցին, թե ինչո՞ւ է ռուսաստանցի ինչ-որ լրագրող իրեն թույլ տալիս այդպես պահել մեր Ազգային ժողովում եւ արդյո՞ք որեւէ հայաստանցի լրագրող կարող էր այդպիսի պահվածքով հանդես գալ Պետական դումայում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև