Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերենի մասնագետ. «Հայերենի թեստերում նենգություններ կան»

Հունիս 12,2014 13:16

Հայոց լեզվի մասնագետ, վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանն ու փորձագետ Սուսաննա Աբազյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեցին ընդունելության քննությունների կազմակերպման մասին, նաեւ անդրադարձան հայոց լեզվի թեստերին:

Սուսաննա Աբազյանի ձեւակերպմամբ, քննությունները ոչ թե պետք է դառնան հանրային քննարկման առարկա, այլ «մեկ օր Պողոս Պողոսյանի կյանքից», այսինքն՝ սովորական մի բան: «Քննությունն ընդամենը գիտելիքի հանձնում է, ոչ ավելին: Կոնկրետ հայերենի քննությունը դառնում է հոգեբանական մի բան, բոլորը սարսափում են: Այս շտեմարանները ոչ թե պետք է վաճառվեն, այլ դրանցում եղած 5500 հարցը պետք է դարձնել 3000 եւ ազատորեն տեղադրել ԳԹԿ-ի կայքում, համացանցում, իսկ հեռավոր շրջանների համար կարելի է տպագրել 1000 հատ»,-ասում է նա:

Նրա կարծիքով, ի պատիվ այս տարվա թեստեր կազմողների, ընդհանուր առմամբ բացառվել են զուգաձեւությունները, սխալները. «Բայց մյուս կողմից էլ զարմանում եմ՝ կարելի՞ է այդքան գումար ծախսել, տանել Անգլիայում տպագրել: Պետական գաղտնի՞ք է: Հայերենի քննությունն արհեստականորեն դարձնում են փորձաքար, հայերենն անհաջող հանձնածներն արդեն «կոտրվում» են, մինչդեռ հայերենի քննությունը պետք է տոն լիներ…»:

Բեատրիչե Ստեփանյանի խոսքով. «Երանի թե հայերենով զբաղվեին իսկապես պետական մասշտաբով: Մինչդեռ նրանց առաքելությունն է, որ Հայաստանը հայազրկվի, գնացել ենք հայերենից նողկանք առաջացնելու քաղաքականությամբ…»:

Մանկավարժի ասելով. «Աղաղակում են, որ հասանք այն բանին, որ 17 միավորը կլինի լավագույն նիշը, որ ի՞նչ…Ախր ինչո՞ւ են լավ պարապող երեխայի համար սարսափ տարածում, թե ավելի բարձր չի կարող ստանալ: Եթե շտեմարանները օրինավոր են, ինչո՞ւ պետք է լավ պարապած երեխան անսխալականության չհասնի: Լավ սովորող երեխայի համար անպատվաբեր է 11-15 միավոր ստանալը…Այսօր էլ թեստերում նենգություններ կան, օրինակ այն հարցը՝ տվյալ նախադասություններից, որո՞նք են սխալ փոխակերպված, ո՞րը ճիշտ չէ…Երեխան ճիշտը տեսնում է, եւ ճիշտը չի փնտրում… Իմիջիայլոց, 1997 թվականի շտեմարանը շատ ավելին էր տալիս, քան այսօրվանը»,- փաստում է տիկին Ստեփանյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Եթե ծնողը դժվարանում է երեխայի օրավուր հացը ապահովել, ինչպե՞ս կարող է չորս-հինգ անգամ վճարել շտեմարանի համար…ԳԹԿ-ին շնորհավորենք, որ Հայաստանի հայը քչացավ, ու դիմորդները կարող են համալսարան ընդունվել առանց քննություն տալու…»:

Տիկին Աբազյանի խոսքով՝ կրթությունը դարձել է արտաքին փայլ, դիպլոմն էլ՝ անցաթուղթ. «Շտեմարաններից ոչ մեկը չի ծառայում հայերենի իմացությանը, սրանցով պարապած ոչ մի երեխա չի կարող գեղեցիկ հայերենով խոսել»: Նա նույնիսկ օրինակ բերեց՝ ժամանակին Ճապոնիան ուսուցչի աշխատավարձը հավասարեցրեց երկրի ղեկավարի աշխատավարձին. նպատակն իսկական ճապոնացի դաստիարակելն էր:

Սուսաննա Աբազյանն ասում է, որ շտեմարանը երեխային տվեց ընդամենը ուղղորդվելու կարողություն եւ ոչ ավելին: Բեատրիչե Ստեփանյանն էլ նշում է՝ շտեմարանում պնդումների փունջը նպատակամղված է նրան, որ տեսությունն էլ իմանան, բայց կան նաեւ հարցեր, որոնք ընդհանրապես լուծելի չեն, դասագրքերից դուրս հարցեր եւս կան: «Ինչո՞ւ պետք է 12 տարեկան երեխան ասի՝ հայերենն ամենաբարդ քննությունն է,-ցավով ասում է վաստակավոր ուսուցչուհին,- ուղեցույցներից ոչ մեկը չի բացատրում, թե երեխան ո՞ր դեպքում կարող է գրել «չգիտեմ», ինչի պարագայում ընդամենը 0,25 միավոր է հանվում, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ 0,5 միավոր»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ամեն ինչ լավ էր ու ճիշտ, բացառությամբ երկրորդ պարբերության վերջում «հեռավոր շրջան» ձեւակերպումից: Հայաստանում չի կարող կարող լինել հեռու կամ մոտիկ որեւէ շրջան, առանց մատնանշվելու, թե որտեղից հեռու, կամ որտեղին մոտիկ: Նույնն է թե ասես Քանաքե՞ռն է մոտիկ կամ հեռու, թե՞ Չարբախը: Ցավալի է, որ ներհայաստանյան մեր ընկալումներում բոլորիս ենթագիտակցության մեջ որպես հաշվարկի մեկնակետ միշտ հանդես է գալիս Երեւանը: Դրա համար, քանի որ Այգեպարը հեռու է դառնում (ինչի՞ց), նրա հոգսերն էլ են հեռանում, օտարանում: Ես համաձայն եմ, որ ուսուցչի՝ հատկապես հայերենի, աշխատավարձը հավասարեցվի երկրի ղեկավարի աշխատավարձին, բայց պայմանով, որ կդաստիարակեն սերունդ, որը Հայաստանի որեւէ տեղանքին չասի «հեռավոր շրջան»:

  2. Տիգրան says:

    Հա, մի բան էլ: Թեստ կամ տեստ չէ: Հարցաշար:

  3. ՀԱՅՈՒՀԻ says:

    Նույնիսկ ոզնուն է հասկանալի, որ դիտմամբ է արվում այս քաղաքականությունը՝ հայ երիտասարդին մայրենի լեզվից օտարելու, կտրելու համար։ Իսկապես զազրելի են հայոց լեզվի մեր հարցաշարերը։ Օր առաջ պետք է փոխվեն դրանք, դուրս հանվեն անկապ բառերը՝ նքողնակ-մքողնակ, որ ներմուծեց ՀՀ ներկա վարչապետի համագյուղացի, տխրահռչակ լեզվանբան Փառանձեմ Մեյթիխանյանը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30