«Փորձում եմ հանգիստ նայել այս կետերին ու հասկանալ մոդելը, թե այս չորս կուսակցությունները ինչ մոդել են այդ կետերի իրականացումով ստեղծում Հայաստանում»,-այսօր «Հայելի» ակումբում ոչ իշխանական կուսակցությունների քառյակի ներկայացրած 12 կետերի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց նորացված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց հայտարարությունը:
12 պահանջների շարքում է՝ վերացնել կուտակային պարտադիր բաղադրիչը, կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը, առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը և այլն:
Հովհաննես Իգիթյանը ռազմավարության տեսանկյունից մեծ փոփոխություններ չի տեսնում ու մանրամասնում. «Նրանք ասում են, թե դրանք կոնսենսուսով եկած կետեր են: Չեմ կարծում, թե այստեղից-այնտեղից վերցված կետերը պիտի ներկայացվեին այդտեղ: Ամեն կուսակցություն պիտի ներկայացներ իր պատկերացումները, և դա լիներ ավարտական»:
Հովհաննես Իգիթյանը նկատեց, թե ներկայացված կետերից մեկը նսեմացնում է մյուսին ու խճճում: Նա փաստեց. «Մի կողմից Արցախի ստորագրության հետ կապված հարց են բարձրացնում, մյուս կողմից գյուղատնտեսության ապրանքների արտադրությունը կրկնապատկելու հետ կապված հարցեր, մի կողմից վարկավորման հարցն է, մյուս կողմից հարյուր տոկոսանոց համամասնական համակարգի հարցը: Ի՞նչ է՝ Հովիկ Աբրահամյա՞նը պիտի զբաղվի ԼՂ-ն վնասող փաստաթղթի չստորագրությամբ»:
Կարդացեք նաև
Հովհաննես Իգիթյանը նշեց, թե ՀՀԿ-ի տարբեր մակարդակի գործիչների հայտարարություններից երևում է, որ նրանք ընդունում են այդ կետերը. նույնիսկ կատակով բարձրաստիճան ՀՀԿ-ականներ ասում են, թե Հովիկ Աբրահամյանը պատրաստ է չորս խորհրդական վերցնել այդ կուսակցություններից, որ գան ու վերահսկեն այդ կետերի իրականացումը:
Պարոն Իգիթյանը հավելեց. «Չի երևում, որ ընդդիմությունը վերջնագիր է դնում իշխանության առջև մինչև սեպտեմբերի 30-ը և իշխանությունը դիմադրում է: Ո՞ւր մնացին այն հայտարարությունները, որ կուսակցություններից մեկն ասում էր, թե ՀՀ-ն չպետք է մտնի Եվրասիական միություն, մյուսը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված հայտարարություն ունի, երրորդն ասում է Սերժիկ հեռացի´ր, ո՞ւր մնաց «Սերժիկ հեռացիր»-ը: Փոխարենն ասում են, եթե գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը աճի, ուրեմն «Սերժիկ հեռացիր»-ը և «Պայքար, պայքար մինչև վերջ»-ը գնում է մի կողմ»:
Aravot.am-ի հարցին՝ ի վերջո, քառյակն ի՞նչ ապացուցեց այս 12 կետանոց պահանջով: Պարոն Իգիթյանը պատասխանեց. «Ապացուցեց այն, որ նրանք ընդհանուր որևէ մոդել, ռազմավարություն չունեն: Տիգրան Սարգսյանի հրաժարականը նրանց միավորեց: Հովիկ Աբրահամյանը չլիներ, կարող է Գալուստ Սահակյանը լիներ, կամ օլիգարխներից մեկը: Իրականում կան ավելի կարևոր հարցեր: Լավ իրականացրին այդ կետերը, եկավ սեպտեմբերը, հետո ի՞նչ, պետք է քառյակը կառավարությանը շնորհակալություն հայտնի գլոբալ տասներկու կետ իրականացնելու համար, ինչպես Պուտինը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին կարճ ժամանակահատվածում Եվրասիական միության փաստաթղթերը կազմակերպելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ