Ոչ իշխանական քառյակի կողմից իշխանություններին ուղղված 12 կետից բաղկացած պահանջները առաջիկայում կարող են վերածվել իշխանության ու ընդդիմության համագործակցության յուրօրինակ ատաղձի՝ երկրի առջեւ կանգնած առավել սուր ու հրատապ հարցերի լուծման նպատակով։
Դրանց բովանդակության առաջնահերթ նշանակություն ունեցող տնտեսական ու սոցիալական խնդիրների ձեռք բերած գերակշռող դիրքերը վկայում են՝
Առաջին՝ երկրի ընդհանուր իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու, սոցիալական լարվածությունը մեղմելու եւ արտագաղթի առաջն առնելու ընդդիմության անկեղծ ցանկության մասին, որը չի կարող չարժանանալ իշխանության համիմաստ վերաբերմունքին։
Երկրորդ՝ նման գերակայությունների առկայությունը պայմանավորված է նաեւ վարչապետի փոփոխությամբ, այսինքն՝ ինչ-որ առումով նաեւ «ստուգողական քայլ» է նոր կառավարության համար։
Կարդացեք նաև
Երրորդ՝ սրանով խորհրդարանական ընդդիմությունը հաշվի է առնում առաջիկա ամռան ամիսներին անխուսափելի դարձող քաղաքական գործընթացների տեղատվությունը, որը դրդում է առայժմ չբարձրացնել պահանջների նշաձողը եւ սպասել մինչեւ սեպտեմբերի վերջերը, երբ կգա 12 կետերի կատարման համար իշխանությունից հաշվետվություն պահանջելու ժամանակը։
Չորրորդ՝ երկրի առջեւ կանգնած առավել անհետաձգելի բնույթ ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու ընդդիմության պահանջները համահունչ են նաեւ ներկա բարդ միջազգային-քաղաքական կացության սուր մարտահրավերներին, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացի եւ նրանում Ադրբեջանի ներառման փորձերի հետ։
Այս բոլոր առարկայական ու ենթակայական պատճառները ներկա հանգրվանում զգալիորեն մեծացնում են իշխանության ու ընդդիմության համագործակցության հնարավորությունները կոնկրետ խնդիրների լուծման եւ միաժամանակ ներքաղաքական պայքարում որոշակի հակակշիռների ձեւավորման նպատակով։
Դրանց շարքում քառյակի առաջ քաշած առավել հետաքրքիր առաջարկը ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումն է նրան վերահսկողական գործառույթներով օժտելու նպատակով։ Անշուշտ առանց նման փաթեթի էլ ընդդիմության հիմնական քաղաքական գործառույթներից մեկը անմիջական վերահսկողության իրականացումն է իշխանությունների քայլերի ու նախաձեռնությունների հանդեպ։
Սա անվիճելի է, սակայն, փաստ է նաեւ, որ նման վերահսկողությունը կարող է արդյունավորվել, եթե ընդդիմությունը իր տեղն ու դերն ունենա պետական այն մարմիններում, որոնք ի պաշտոնե իրականացնում են նման գործառույթ։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում