Դատարանը ճանաչել ու հռչակել է ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (1 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3–րդ կետով (5 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ հոդվածի 2-րդ մասի 3–րդ կետով (7 դրվագ) մեղադրվող Ալեքսանդր Ցվերիանովի անմեղությունը և նրան արդարացրել: Խոսքը բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության և դրա փորձի վերաբերյալ մեղադրանքի մասին է: Ալեքսանդր Ցվերիանովի նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը վերացվել է և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դատական նիստերի դահլիճում:
Նշենք, որ նախկինում 5 անգամ դատապարտված, 37-ամյա Ցվերիանովը սույն գործով արգելանքի տակ է գտնվել 2012թ. նոյեմբերի 30–ից: Դատարանը հանգել է հետևության, որ նախաքննական մարմնի կողմից գործով իրականացվել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, դատավարական էական խախտումներով քննություն, որի հետևանքով բավարար ապացույցների բացակայության պայմաններում Ալեքսանդր Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել:
Պաշտոնեական կեղծիք եւ անթույլատրելի ապացույցներ
Դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմինը թույլ է տվել նաև արարքի իրավական որակման հետ կապված կոպիտ խախտում, այն է՝ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի գաղտնի հափշտակության հանցափորձը ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետը որակել է որպես ավարտված հանցագործություն և Ա.Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: «Ճիշտ է, դատաքննության ավարտական փուլում, մեղադրանքի կողմը ամբաստանյալ Ա.Ցվերիանովին առաջադրված մեղադրանքը այդ դրվագով փոփոխել և բավարար ապացույցների բացակայության պայմաններում նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34–177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ դատարանին չներկայացնելով նոր մեղադրանքը հիմնավորող և ոչ մի հավաստի ապացույց»,- նշվում է դատարանի իրավական վերլուծություններում:
Կարդացեք նաև
Դատարանը վերհանել է զավեշտի հասնող խախտումներ: Այսպես, նախաքննական մարմնի որոշմամբ Անահիտ Գրիգորյանը ճանաչվել է որպես թարգմանիչ և գործով ներգրավվել 30.11.2012թ. , սակայն Ցվերիանովին որոշումը հայտնվել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները պարզաբանվել են ավելի վաղ՝ 30.10.2012թ.: Թարգմանիչ ճանաչելու մասին նախաքննական մարմնի 30.11.2012թ. արձանագրությամբ անհասկանալիորեն քննչական բաժին է հրավիրվել Լարիսա Վելիկյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, հայոց և վրացերեն լեզվի մասնագետ է:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում