Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Հենց Կիսիլյովի լրագրողներից մեկն էր, որ մեր վարորդին խալաթով ներկայացրեց»

Հունիս 12,2014 12:16

«Ինձ համար Կիսիլյովը ռուսական քարոզչության մեքենայի փոքր էլեմենտներից է: Չեմ կարծում, որ նրան պետք էր այդպիսի բարձր մակարդակով ընդունել»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին՝ մասնավորապես լեզվի հարցի վերաբերյալ, պարոն Իգիթյանն ասաց. «Նման բարձր մակարդակով ընդունելությունն էլ թույլ է տալիս այդպիսի փոքր չինովնիկների նման հայտարարություններ անել, որոշել, թե Հայաստանում որ լեզուն պիտի զարգանա, մեր երիտասարդները որտեղ պիտի սովորեն: Կիսիլյովն այն մարդը չէ, որին պետք է հարցեր տալ, բայց նրան անհարմար վիճակի մեջ դնելու համար, կարելի էր ասել` մեր ամենամեծ սփյուռքը Մոսկվայում է: Քանի հայկական դպրոց այնտեղ կա և այլն»:

Ադրբեջանին՝ Ռուսաստանի զենքի վաճառքի մասին, պարոն Իգիթյանն ասաց. «Ռուսաստանի լրատվական դաշտում լրատվություն գոյություն չունի: Իհարկե, դա կարող էր մեր գործը չլինել: Բայց մենք չենք կարող հետաքրքրված չլինել, որովհետև տեսնում ենք, թե ինչպես են ներկայացնում մեր սփյուռքին այնտեղ: Հենց Կիսիլյովի լրագրողներից մեկն էր, որ մեր վարորդին խալաթով ներկայացրեց: Եվ երկրորդ Հայաստանին քաշում են մի միություն, որտեղ այս բարքերն են գերիշխում: Հայաստանն արդեն պարտավորություն է վերցրել Մաքսային միության մասին վատ չխոսելու: Ես չեմ կարծում, թե ռուսերենը Հայաստանում վտանգված է: Ճիշտն ասած` ես մտահոգությամբ եմ նայում լեզվի հետ կապված խնդրին, որովհետև Ուկրաինայում էլ ռուսերեն լեզուն վտանգված է»:

Սահմանային լարվածությանն անդրադառնալով՝ պարոն Իգիթյանն ասաց. «Զոհերն ու հարձակումն արդեն կապ չունի ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտի հետ: Ադրբեջանը երևի գտնում է, թե իրավունքն ունի դա անելու: Չեմ բացառում, որ դա կապված լինի Ուորլիքի, Նազարբաևի հայտարարությունների հետ: Նախիջևանի սահմանին հարվածելով չեմ բացառում, որ Ադրբեջանը փորձում է ներքաշել Թուրքիային»: Ըստ պարոն Իգիթյանի՝ այստեղ քաղաքական գործիչները պիտի իրենց ձայնը բարձրացնեն, և ի վերջո առիթ է ՀԱՊԿ-ին ստուգելու: Այնուհետև պարոն Իգիթյանը նշեց. «Այստեղ հստակ երևում է, որ ՀԱՊԿ-ի ոչ անդամ երկիրը հստակ պատերազմական գործողություն է իրականացնում ՀԱՊԿ-ի անդամ երկրի դեմ: Ավելի գլոբալ մոտեցում եմ տեսնում, որովհետև Ադրբեջանը թե խոսքով, թե գործողությամբ շատ է կապում Արցախի հարցի լուծումը ռազմականի հետ»:

Հարցին՝ ՀՀ-ն շանս չունե՞ր չանդամակցելու Եվրասիական միությանը, պարոն Իգիթյանը նշեց. «Շանսը հենց տրված է Նազարբաևի կողմից: Նա ասում է՝ դուք ձեր կոնֆլիկտով այստեղ չեք տեղավորվում»:

Տեղեկացնենք, որ ասուլիսին հրավիրված էր նաև ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը: Նա այդպես էլ չներկայացավ ու չէր պատասխանում զանգերին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30