Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չորսի զայրացած 12 պահանջները. «168 ժամ»

Հունիս 12,2014 12:04

12 կետից 9-ն իրենց բնույթով տնտեսական են։ Առաջին կետը, բնականաբար, վերաբերում է պարտադիր կուտակայինին։ Շատերն են համոզված, որ այս խնդրի լուծումը գտնելու համար մի ամբողջ կառավարություն զոհաբերեցինք։ Ընդ որում, կուտակայինի հեղինակ կառավարությունը։ «Դ!եմ եմ» շարժումն իր մասշտաբով ու հասարակական էներգետիկայով ահռելի ուժ է։ Հասարակական դրական ընկալում ունեցող ուժ։ Հետևաբար՝ այս շարժմանն առայժմ նույնիսկ իշխանություններն են սիրաշահում։ Ուր մնաց, որ ընդդիմությունը չփորձի իրենով անել այն։

Հիմա հասարակական զանգվածային դժգոհությունն օր օրի խթանող երևույթ է դարձել տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի համակարգը։ Ուստի դրա դեմ երկրորդ կետով ընդդիմությունը փորձում է իրենով անել վարորդների լայնամասշտաբ բողոքը։
Երրորդ կետով պահանջվում է առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը։ Այսինքն՝ մանր ու միջին բիզնեսի աջակցությունն էլ չի խանգարի։ Եթե, իհարկե, իշխանությունները շարունակեն բացարձակապես ինքնանպատակ դարձող պետբյուջեի համար շարունակել մանր ու միջին գործարարության հարկային «մորթը»։

Իշխանություններից դժգոհող հաջորդ մեծ զանգվածը գյուղացիներն են։ Ուստի քառյակը չորրորդ կետով պահանջում է կրկնապատկել այս ոլորտի սուբսիդավորումը։ Իսկ այն, որ նախկինում ու հիմա էլ այդ սուբսիդավորումից օգտվում են ոլորտի միայն խոշոր ու, բնականաբար, իշխանամերձ սեփականատերերը, ոչ մեկին չի հետաքրքրում։ Ուստի, կարծում եմ, որ հենց այս կետում իշխանություններն ու ընդդիմությունը լեզու կգտնեն։
Հինգերորդ կետով իշխանություններից պահանջվում է գյուղվարկերն արտարժույթից վերածել դրամայինի։ Հիմա՝ դրամի արժևորման ֆոնին, սա հակառակ արդյունք կապահովի գյուղացիների համար։ Բայց նման մանրուքները հավանաբար ուշադրության արժանի չեն։
Հատկապես, որ հաջորդ կետով պահանջվում է վերագործարկել «Նաիրիտը»։ Նույն այն «Նաիրիտը», որ «եղեռն» էր հայտարարված 1988-ից։ «Նաիրիտի» քսանամյա եղեռնագործությունից հետո հիմա կառավարությունն էլ է հայտարարել, որ փորձելու է հասկանալ, թե ինչ է կատարվել արդյունաբերական այս հսկայի հետ։ Հիմա երևի պատեհ պահ է, որ ընդդիմություն ու իշխանություն ձեռք ձեռքի տված՝ ձևացնեն, թե զբաղվում են այս խնդրով։

Յոթերորդ կետով պահանջվում է բացառել «Որոտան ՀԷԿ-ի» մասնավորեցումը։ Բայց այս կետը միանշանակ տնտեսական գնահատելը սխալ կլինի։ ՀԷԿ– ը կարծես ամերիկյան ընկերություն է ուզում գնել։ Եվրասիական միությանն անդամագրվելու անզուսպ ձգտման ֆոնին հնարավոր է, որ սա քաղաքական պահանջ է։ Ուստի քաղաքագետների վերլուծությունն այս խնդրի շուրջ ավելի տեղին կլինի։
Ութերորդ կետով պահանջվում է բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը։ Անցած ամռանը մայրաքաղաքում սկսված զանգվածային շարժումն առայժմ բացառել է դա։ Բայց մեր ընդդիմությունը չի էլ նկատել, որ մարզերում նման շարժումները տեղական ֆեոդալներն օրորոցում խեղդեցին։ Ուստի մարզերում այն «բացառված չէ»։ Ավելին՝ սակագներն աճել-պրծել են։

Պահանջագրի իններորդ՝ տնտեսական վերջին կետը՝ «ընդունել մենաշնորհների վերացնելու օրենսդրական փաթեթ», ամենաընդհանուրն է։ Հետևաբար՝ ամենավերացականը։ Երբ իրավաբանները Նապոլեոնին հարցրեցին՝ ինչպիսի՞ սահմանադրություն գրել, «Կարճ և անհասկանալի»՝ եղավ կայսեր պատասխանը։ Կարճի առումով պահանջագիրը կարծես ստացվել է։ Ափսոս, որ այն անհասկանալի չէ:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30