Նախօրեին եղած ուժգին քամու պատճառով Էջմիածնի տարածաշրջանի համայնքների պոլիէթիլենային ջերմատների երկաթները կոտրվել են, իսկ մշակաբույսերը՝ լոլիկը, սմբուկը, վարունգը համարյա արմատախիլ են եղել։
Այս անգամ տարերային աղետից տուժած գյուղացիներին ինչո՞վ է օգնելու մարզպետարանը։ Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ, որն էլ ասաց. «Դրա համար փոխհատուցում չի նախատեսվում։ Մենք նաեւ զգուշացրել ենք, որ վաղն էլ է (այսօր- Ս.Հ.) փոթորիկ, ուժեղ քամի սպասվում։ Այս քամուց վնասվել են մարզի գրեթե բոլոր համայնքների պոլիէթիլենային ջերմատները»։
Անելանելի դրության մեջ հայտնված գյուղացիները տարբեր բանկերում եւ վարկային կազմակերպություններում ունեն վարկային մեծ պարտավորություններ եւ կորցնելով եկամտի միակ աղբյուրը, չգիտեն, թե ինչպես են դրանք մարելու։ Այս խնդրի առնչությամբ Այվազյանն ասաց. «Հարցի միակ լուծումն ապահովագրությունն է, որը մեզ մոտ չի կատարվում։ Մենք հասկանում ենք՝ վնասը կա, բայց գումար չկա, որ փոխհատուցենք»,-ասաց Այվազյանը։
Իսկ ահա գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ մասնագետներն ուսումնասիրում են վնասների չափերը։ «Վերջերս հանրապետության նախագահը Կենտրոնական բանկի նախագահին հանձնարարական տվեց՝ առեւտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ համապատասխան աշխատանք տանելու մասով որպեսզի որոշակի մատչելի վարկային պայմաններ ստեղծվեն գյուղացիական տնտեսությունների համար։ Այս առումով նախարարությունը դեռեւս ոչ մի դժգոհություն չի ստացել»։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում