Մեր զրուցակիցն է Հայաստանի
շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը
– Այս օրերին Երեւանում մեկնարկեց Հայաստանի շախմատի ակումբային թիմերի 9֊րդ առաջնությունը, որը թիմերի քանակով եւ մասնակիցների որակով աննախադեպ կազմ է հավաքել:
– Մեր երկրում շախմատը հարգանք է վայելում։ Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում բնակչության տարբեր խավերի, հատկապես դպրոցականների շրջանում շախմատային գիտելիքների հարստացման ուղղությամբ։ Արդեն անհրաժեշտություն կար այդ կուտակված գիտելիքների կիրառման դաշտը ընդլայնելու։ Շախմատային ակումբների կազմավորումը դրա փորձված տարբերակներից մեկն է։
– Իսկ ինչպե՞ս հաջողվեց այսքան կարճ ժամանակահատվածում այսքան ակումբներ ձեւավորել։
Կարդացեք նաև
– Ակումբները միշտ կային, պարզապես տեղյակ չէի իրենց գոյության մասին։
Ռաֆայել Վահանյանը ինչ Հայաստան է վերադարձել, Պոլիտեխնիկ ինստիտուտի ռեկտորի՝ Հովհաննես Թոքմաջյանի հետ բացել են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատային ակումբը։
Վաղուց գործում է Սլավոնական համալսարանի շախմատի ակումբը՝ նախկին շախմատիստ Էդվարդ Սանդոյանի աջակցությամբ եւ գրոսմայստեր Նելլի Աղինյանի ղեկավարությամբ։
Արագածոտնի մարզը հայտնի է նաեւ իր «Հայդուկներով» եւ ամոթ կլիներ, որ հայդուկները շախմատի ակումբ չունենային։
Հետաքրքիր ձեւով կազմավորվեց «Լեբո» թիմը։ «Լեբո» սուրճի ներկրողը ընկերս է, եւ ես նրան ասացի՝ Հրաչ, Հայաստանում սուրճ սիրում են: «Բա էլ ում համար եմ ներկրում», ասաց նա։ Այդ դեպքում, ասացի՝ կարո՞ղ ես ցույց տալ մեկին, որ շախմատ խաղալիս սուրճ չի խմում, եւ այսպես ձեւավորվեց «Լեբո» կանանց շախմատային ակումբը։
Երբ ես կապվեցի բանակի կենտրոնական մարզական ակումբի ղեկավարության հետ (ինչը չհաջողվեց «Դինամո» մարզական ակումբի հետ) եւ հարցրի՝ արդյո՞ք բանակում ծառայող շախմատիստներ ունենք, պատասխանն ապշեցուցիչ էր։ Պարզվում է՝ մեր բանակը ուժեղ է նաեւ շախմատով, վկա՝ այսօր մեր մրցարշավին մասնակցող թիմը՝ աշխարհի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դուք միայն տեսնեիք շախմատիստների հիացական զարմանքը, երբ նրանք երիտասարդ շախմատիստին տեսան զինվորական համազգեստով շախմատ խաղալիս։
Իսկ մտավորականների «Զարթոնք» թիմի անդամներ, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, հայտնի նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ազատամարտիկ, մտավորական Գրիգոր Սարիբեկյանը եւ ուրիշներ փորձում էին ապացուցել, որ շախմատը արվեստ է։
Իհարկե, ցավով կարող եմ նշել «Միկա» շախմատային ակումբի թիմի մրցումներին չմասնակցելը։ Չեմ ուզում նույնիսկ ենթադրել, որ այդ շախմատային օջախը կարող է քանդվել, չէ՞ որ նրա կազմում տարբեր տարիների ելույթ են ունեցել Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Մայա Չիբուրդանիձեն, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ ուրիշներ։
– Պարոն Խալիկյան, էլ ի՞նչ կցանկանայիք ասել մեր ընթերցողներին։
– Ասելու շատ բան կա։ Մենք հրաշք երկրում ենք ապրում եւ յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անենք՝ երկրում կուտակված բացասական էներգիան (ատելություն, անհանդուրժողականություն) արտահանելու։ Կարծում եմ՝ լրատվամիջոցները լավագույնս այդ գործը կարող են կատարել։
Մեր մրցարշավին մասնակցում է նորաստեղծ մի թիմ։ Դա մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» բարեգործական հասարակական հիմնադրամի 8×8 շախմատի ակումբի թիմն է՝ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի գլխավորությամբ եւ ակումբի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Թամրազյանի ղեկավարությամբ։ Հիմնադրամը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում մրցարշավի կազմակերպչական աշխատանքներում։
Մ. Մ.
«Առավոտ» օրաթերթ
11.06.2014