Վեդիի բնակիչ Լեւոն Նիկողոսյանն Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի դահլիճից ազատ չարձակվեց, քանի որ նրա նկատմամբ վերջին 10 տարվա ընթացքում մի անգամ կիրառվել էր համաներում:
Հունիսի 4-ին մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Կարապետյանի վերաբերյալ կայացրել է արդարացման դատավճիռ, իսկ Գոռ Պետրոսյանի, Կարեն Սաֆարյանի, Ռուբեն Ավետիսյանի վերաբերյալ հոդվածները վերաորակել է եւ համաներման կիրառմամբ նրանք ազատ են արձակվել հենց դատարանից:
Նախաքննական մարմնի կողմից մեղադրանք էր առաջադրվել 2012 թվականի սեպտեմբերի 2-ի դեպքի առթիվ: Վեդի քաղաքի Անդրանիկավան թաղամասում Կարեն Սաֆարյանի, Լեւոն Նիկողոսյանի, Ժորա Կարապետյանի, Հայկ Կարապետյանի եւ Ռուբեն Ավետիսյանի հետ, «խմբի կազմում» Գոռ Պետրոսյանը մի քանի անձանց նկատմամբ բռնությամբ զուգորդված, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն է կատարել: Հետագայում պիտի պարզվեր, որ որպես զենք օգտագործվել է քարը:
Ըստ գործի նյութերի, Գ. Պետրոսյանը տեղեկանալով, որ իր ընկերներ Կարեն Սաֆարյանի եւ Վեդիի բնակիչներ, եղբայրներ Վահան եւ Վարուժ Սարգսյանների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ, վիճաբանություն, նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում, Կարեն Սաֆարյանի, Ժորա Կարապետյանի, Հայկ Կարապետյանի, Լեւոն Ներսիսյանի, Ռուբեն Ավետիսյանի հետ խմբով գնացել են Վարուժ եւ Վահան Սարգսյանների տան դիմաց:
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Կարեն Սաֆարյանը իր հարեւան Հրաչիկ Հակոբյանի հետ գտնվել է իրենց բակի տարածքում գտնվող զրուցարանում՝ «բեսեդկայում»: Այդ ժամանակ նրանց են մոտեցել Վարուժան եւ Վահան Սարգսյան եղբայրները, կենցաղային վիճաբանության մեջ մտել Կարեն Սաֆարյանի հետ: Սարգսյանները 5-10 րոպե քաշքշել եւ հայհոյել են Սաֆարյանին: Դրանից հետո Սարգսյանները հեռացել են:
Կարեն Սաֆարյանը վիրավորված լինելով Սարգսյան եղբայրների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից, նրանց բակում շարունակվել է վիճաբանությունը: Վիճաբանության ընթացքում Կարեն Սաֆարյանը կրծքավանդակի ձախ մասում ստացել է կտրած-ծակած, թափանցող մարմնական վնասվածք, մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ Ժորա Կարապետյանն ու Լեւոն Նիկողոսյանը:
Նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքի համաձայն, երիտասարդները հայհոյանքներով փողոց են կանչել եղբայրներ Վարուժ եւ Վահան Սարգսյաններին, առանց որեւէ բացատրության կամ պարզաբանման, «խուլիգանական մղումներով», «ոտնահարելով հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերը», «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը», «բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով» հասարակության նկատմամբ, ծեծի ենթարկել Սարգսյան եղբայրներին:
Հավաքվել են քաղաքացիներ, սակայն նրանց ներկայությունը չի խանգարել շարունակել հայհոյանքները, փողոցում ստեղծվել է խառնաշփոթ:
«Խումբը» քարեր է նետել դեպքի վայրում գտնվող անձանց ուղղությամբ, որից մեկը դիպել է դեպքի վայրում գտնվող Սարգսյանների մորը՝ Անահիտ Սարգսյանին: Մեկ տարուց ավելի ընթացող այս գործի դատական քննության ժամանակ չհիմնավորվեց Ա. Սարգսյանի մարմնական վնասվածք ստանալու փաստը:
Չի եղել անգամ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն այս կապակցությամբ:
Գոռ Պետրոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Առավոտի» հարցին, թե արդյոք ստացե՞լ են դատավճիռը, ասաց, որ դեռ դատավճիռը չի ստացել: Դատավճռի ստացման համար նախատեսված է մինչեւ 5 օր:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2014