Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ենք մենք, այնուամենայնիվ, գազը գնում ոչ թե Իրանից, այլ ՌԴ-ից»

Հունիս 12,2014 14:27

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցնում են հասարակական կազմակերպությունները

Հարգելի նախագահ եւ վարչապետ, մեր երկրում կուտակված եւ դեռեւս լուծում չստացած բազմաթիվ խնդիրներին վերջին մեկ տարվա ընթացքում շեշտակի ավելացել են նորերը: Ձեր կողմից դրանց ոչ միայն լուծում չտրվեց, այլեւ նույնիսկ չտեղեկացանք, որ կոնկրետ ծրագրեր են նախատեսվում այդ ուղղությամբ եւ ինչպիսի ծրագրեր: Դրա վառ օրինակներից է վերջերս Աստանայի դեպքի հետ կապված Ձեր Ծաղկաձորի ելույթը պատանիների առաջ: Մի՞թե Դուք կարծում եք, թե այդ լուրջ խնդրի հետ կապված բավական էր պատանիներին հավաքելն ու մի երկու խոսք ասելը: Մի՞թե միջազգային հանրությունը, առավել եւս՝ ՀՀ քաղաքացիները այդ «իրազեկումը» պետք է ընդունեն որպես Աստանայում կատարվածի համարժեք պատասխան եւ ՀՀ-ի դիրքորոշում: Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ էր մեծ լսարանում դիվանագիտական ներկայացուցիչների ներկայությամբ բազմասպեկտոր լրագրողների հետ ասուլիս կազմակերպել:

Խնդրում ենք անդրադառնալ իշխանություններից մեր սպասելիքներին եւ հասարակությանը հուզող բազում խնդիրներից ներկայացվող սույն համեստ շարքին.

1. Ինչո՞ւ ենք մենք, այնուամենայնիվ, գազը գնում ոչ թե Իրանից, այլ ՌԴ-ից: Եթե դա ՌԴ-ի պարտադրանքն է, ապա գուցե մե՞նք կկարողանանք օգնել Ձեզ ազատվել այդ պարտադրանքից: Ինչո՞ւ Դուք հանրությանը շանս չեք տալիս մասնակցելու մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը: Ասեք մեզ՝ ո՞վ է մեր պաշտոնյաներից «գազային բանակցություններ» վարում Իրանի հետ: Մի՞թե մենք միայն Իրանի դեսպանատնից պիտի կիսատ-պռատ տեղեկություններ ստանանք, այնչափով, որչափով այդ դեսպանատունը հարմար կհամարի: Անցյալ տարի էներգետիկայի նախարարը հայտարարեց, թե իբր Իրանի գազը թանկ է, իսկ Իրանի դեսպանը այդ ամենը հերքեց՝ ասելով, որ երբեւէ Իրանից գազ ուզող չի եղել եւ գնի մասին էլ չի խոսվել: Որտե՞ղ է այստեղ ճշմարտությունը՝ աջ, ձախ կողմերո՞ւմ, մեջտեղերո՞ւմ, թե՞ առհասարակ ճշմարտություն այս ամենում չկա:

2. Անցյալ տարվանից մինչ օրս բնակչության համար հանելուկ մնաց, թե ինչպե՞ս է, որ սահմանի վրա գազը ստանում ենք կոպիտ 190$, իսկ սպառողին տալիս՝ 380$: Եթե սրան գումարենք բնակչությանը հասնող եվրոպականից 28% ցածր գազի կալորիականությունը, արդյունքում ունենում ենք 500$: Սա Հայաստանի չինովնիկների՞, թե՞ Ռուսաստանի «Գազպրոմի» կամայականությունն է: Ինչո՞ւ, վերջապես, իշխանությունները հստակ եւ բավարար պատասխան չեն տալիս այս խիստ կարեւոր հարցին, առավել եւս՝ չեն լուծում այն: Չէ՞ որ սրանով միայն խորացնում են անվստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ:

3. Էլեկտրաէներգիայի գինը կրկին ուզում են բարձրացնել: Միայն անցյալ տարի այն թանկացել էր 28%-ով: Սեփականատերը ամբողջ շահույթը սրբում տանում է՝ առանց ընթացիկ վերանորոգումների եւ բարելավման որեւէ ներդրում անելու: Այդ մասին խոսում են նույն բաշխիչ ցանցերի մեր բարձրաստիճան աշխատակիցները: Ինչո՞ւ պիտի հայաստանյան սպառողը անընդհատ լցնի սեփականատերերի գրպանները՝ առանց որեւէ դրական արդյունքի:

4. Ամենակարեւոր խնդիրը մնում է Մաքսային միություն եւ Եվրասիական միություն մտնելու Ձեր որոշումը: Այն փաստարկները, որ դրանք պայմանավորված են ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների գոյությամբ, որեւէ, բացարձակապես որեւէ քննադատության չեն դիմանում: Բոլոր վերլուծությունները վկայում են, որ Ռուսաստանի հետ ցանկացած ալյանս վտանգավոր է եղել եւ այժմ էլ ոչ միայն անհեռանկարային է, այլեւ վտանգավոր: Առաջարկում ենք այս խնդրի շուրջ հրավիրել «այո»-ի եւ «ոչ»-ի փաստարկներ ունեցող տնտեսագետների եւ քաղաքագետների քննարկում: Եթե դա արվեր անցյալ տարվա սեպտեմբերի երեքից հետո, այսօր հանրությունն այսքան օտարված չէր լինի Ձեր որոշումներից: Եթե հանրությունը հստակ զգար, հասկանար, թե ինչպիսին է ՌԴ ճնշումը, հնարավոր է՝ հենց հանրության մեջ կծնվեին կամ Ձեզ սատարելու, կամ համատեղ լուծում գտնելու առաջարկներ: Սակայն նույնիսկ այսօր դեռ ուշ չէ, նախաձեռնեք լայն քննարկումներ, քննարկումներն իրենք գուցե կգտնեն ՌԴ ճնշումը թուլացնելու լուծումներ կամ՝ առնվազն ՌԴ-ի հետ համագործակցության մեջ Հայաստանի համար առավել ապահով ու ճկուն լուծումներ, կամ այլ՝ երրորդի կողմի հետ համագործակցելու ճանապարհներ: Բոլոր դեպքերում դա կլինի հայաստանյան, ոչ միայն Ձեր որոշումը, եւ, հավատացեք, մեր բնակչությունը կգնահատի Ձեր անկեղծությունը: Արդյունքում կամ Դուք կաջակցեք մեր հասարակության որոշմանը, կամ հասարակությունը կաջակցի Ձեր որոշմանը: Հիմա Դուք ըստ էության միայնակ եք, եթե նույնիսկ Ձեր որոշման համակիրներ ունեք:

Սպասում ենք Ձեր պատասխանին եւ քայլերին:

«Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ՝ Գ. ԴՈՍՏՈՒՐՅԱՆ
«Սպառողների միություն» հ/կ՝
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30