Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ասել է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ մոտավորապես 3.85 դրամի սահմաններում, ինչը տարեկան կտրվածքով ընտանիքների վրա 8-9 հազար դրամի հավելյալ բեռ կառաջացնի: Ըստ Նազարյանի՝ եթե մի աննշան հնարավորություն էլ ունենային, ապա այդ քայլին չէին գնա: Նա նաեւ ասել է. «Հաշվի առնելով մեր ժողովրդի էսօրվա սոցիալական վիճակը՝ մենք շատ դժվարությամբ ենք այդ որոշումը կայացրել: Մեր ժողովուրդը շատ դեպքերում իմաստուն է»: Նա, ըստ «Ա1+»-ի, զարմացել է, թե ինչու տարբեր ապրանքների գների բարձրացման ժամանակ նման արձագանք չի լինում, իսկ հենց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում է լինում, որը իր տեսակարար կշռով շատ ավելի փոքր է, մարդիկ շահարկման առարկա են դարձնում. «Բայց ոչ ժողովուրդը, մեր ժողովուրդն իսկապես շատ իմաստուն է»։
Այս կապակցությամբ «Առավոտը» փոքրիկ հարցում արեց ժողովրդի շրջանում՝ պարզելու, թե իսկապե՞ս իմաստուն է եւ իսկապե՞ս հասկանում է, որ էլէներգիայի բարձրացումն այլընտրանք չունի:
Զորիկ Գալստյանը, որը Ֆեյսբուքյան հայտնի օգտատերերից է, ով ողջ Հայաստանը ոտքի եւ ֆոտոապարատի տակ է տվել, պատասխանեց. «Էդ հասկանալու համար իմաստուն լինելը քիչ է, Հանրապետականի ուղեղ էլ է պետք»: Նա նաեւ կարծում է, որ «այլընտրանք կար, համակարգում գողությունները եւ կորուստները սարսափելի շատ են»:
Կարդացեք նաև
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը համաձայնվեց Ռոբերտ Նազարյանի հետ, որ ժողովուրդն իմաստուն է, բայց, թերեւս, ոչ այն կտրվածքով, որով ներկայացրել էր ՀԾԿՀ նախագահը. «Այո, պարոն Նազարյանն իրավացի է, ժողովուրդն իմաստուն է եւ շատ բան է հասկանում: Հասկանում է նաեւ, որ էլեկտրաէներգիայի թանկացումը արտագաղթը խրախուսելուն ուղղված հերթական քայլն է: Ցավոք, իմաստուն լինելուց բացի՝ մենք նաեւ տարօրինակության հասնող համակերպվելու եւ հանդուրժելու հատկություն ունենք: Թանկացման պատճառների խելամիտ հիմնավորումների կարիք էլ այլեւս չկա: Միեւնույն է՝ ինչ եւ ոնց կուզեն՝ կանեն, ինչ գին ուզեն՝ կհրամցնեն»:
«Արմքոմեդի» ծրագրից հայտնի «Ժողովուրդը»՝ Վահագն Թեւոսյանը, «ժողովրդի» անունից հայտարարեց. «Ժողովուրդը ոչ հերքում, ոչ հաստատում է իր` իմաստուն լինելու մասին տարածվող խոսակցությունները: Հասկանում եմ, թե ինչու է էլէներգիան թանկանում, որովհետեւ մենք ավանդույթները հարգող ժողովուրդ ենք, իսկ էժանացումը դա ոչ հայեցի երեւույթ է (համենայնդեպս՝ միշտ բացակայել է մեր իրականության մեջ): Թանկացմանն այլընտրանք, հնարավոր է` կա բնության մեջ, բայց էդ նորարարությունը դեռ Հայաստան չի հասել»:
Մեկ այլ «ժողովուրդ»՝ «Սիվիլնեթից» մեզ հայտնի «Ժողովուրդը»՝ Սարգիս Խանդանյանը, այսպես պատասխանեց թանկացման վերաբերյալ մեր հարցին. «Էս նոր ծառաներն էլ դեռ եկած-չեկած՝ ուզում են, որ իմ գրպանները շուտով ավելի արագ դատարկվեն։ Հաշվել են, քցել-բռնել ու որոշել են, որ ես շուտով պիտի լույսի համար շատ փող տամ։ Ասում են, որ ինձ լույս տվողները փողից նեղվում են, էդ մարդկանց ախր օգնել ա պետք, չէ՞։ Դե, իմ գրպաններն էլ՝ լեն ու բոլ, երբ պետք ա՝ կօգնեմ։ Դե, ես կարծում եմ նաեւ, որ շատ արդարացի որոշում է, նախ՝ ժողովուրդը պիտի միշտ կանգնած լինի իր կառավարության ու տնտեսվարողների կողքին նեղ պահերին, համ էլ եղածը 4 դրամ է էլի, մի մեծ բան չի։ Մյուս կողմից էլ՝ իրենք ծնելիության խթանմանն են նպաստում, գիշերը էլեկտրաէներգիան ավելի էժան է, խրախուսում են, որ գիշերները գործունեություն ծավալեմ, ձեռքի հետ էլ ազգանպաստ գործունեությամբ զբաղվեմ»։
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որն ամեն օր իր աշխատանքի բերումով շփվում է սոցիալապես անպաշտպան մարդկանց հետ եւ շատ լավ է պատկերացնում, թե իրականում ինչ է մտածում ժողովուրդը, ասաց. «Իմ փորձից ու դիտարկումներից դուրս գալով՝ ասեմ. ժողովուրդը ոչ թե կհասկանա ու ըմբռնումով կընդունի, այլ այն խավը, որի վրա անմիջականորեն, առավել ծանր ազդեցություն է թողնելու այդ թանկացումը, պարզապես լուռ, որպես հերթական դժբախտություն կընդունի: Մարդկանց մի մեծ խումբ հայտնվել է, կամ ավելի շուտ իշխանությունն ու պետությունը նրանց նետել են մեծ անդունդի ամենախորքը: Պարզապես անելանելի վիճակը սուսուփուս տանելը այն պատճառով չէ, որ հասկանում են, այլ ուղղակի՝ ելք չեն տեսնում… սուսուփուս գնում են դեպի կործանում, ուր իրենց ուղղորդում են այս իշխանություններն ու իրենց խամաճիկները»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2014
Ամենավտանգավորն ու տհաճն այն է,որ այդ Ռոբերտ Նազարյանը շարունակելու է պաշտոնավարել:Իսկ նրա տեղը, վաղուց, պետք է գաղութը լիներ: