Այսօր՝ հունիսի 11-ին, Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան մոտ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ էին հավաքվել, որպեսզի նկարահանեն տեսահոլովակ այն մասին, թե ինչո՞ւ չեն ուզում, որ շինությունը ապամոնտաժվի:
Ակցիայի ընթացքում, սակայն ոստիկաններից մեկն ակտիվիստի ձեռքից վերցրեց պաստառը, որի վրա գրված էր՝ «իմ հիշողության կառուցողը ես եմ»: Ակտիվիստ Աննա Դավթյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանը ուղղակի աղջկա ձեռքից վերցրել է պաստառը, իսկ ակտիվիստը դեռ չէր հասցրել ինչ-որ բան անել. «Դրա իրավունքը չունեին, գույքն չէին փչացրել: Դա աղջկա սեփականությունն էր, եւ նա ոչ մի բան դեռ չէր արել: Արդեն ոստիկանների մոտ դարձել է սովորական, որ իրենք կարող են անօրինություն անել եւ պատասխան չտալ: Այդպիսի անկարգություններ ամեն տեղ հանդիպում ենք»:
Քաղաքացիները պահանջում էին, որ ոստիկանները հետ տան պաստառը, քանի որ դա հանդիսանում է ակտիվիստի սեփականությունը, սակայն ոստիկանը հրաժարվեց եւ հայտարարեց, որ այդ տարածքը մասնավոր սեփականություն է: Իսկ հարցին, թե ինչպե՞ս կհիմնավորի ոստիկանը իր արարքը նա պատասխանեց՝ հիմա կհիմնավորենք եւ շարունակեց իր հեռախոսազրույցը, վերադառնալով՝ նա պատասխանեց, որ պաստառը վերցրել էին, քանի որ կանխում էին գույքային վնաս պատճառելու գործողությունները:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ