«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով «Դեմ ենք» նախաձեռնության անդամները այսօր Մատենադարանի մոտից իրենց երթը շարունակեցին մինչեւ Հանրապետության հրապարակ: Ճանապարհին անցան բժշկական համալսարանի մոտով ու փողոցում կանգ առնելով՝ ամոթանք տվեցին բուհի ղեկավարությանը՝ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:
«Միահամուռ գոչյուններով, սուլոցներով ցույց կտանք մեր անարգանքը: Անարգանք ոչ թե բժշկական համալսարանի, այլ ապօրինություններին, նրանց հանդեպ, որոնք ունակ են Հայաստանի քաղաքացուն դնել վասալի, ստրուկի կարգավիճակում: Պահանջում ենք իրավունք ճնշված քաղաքացիների համար»,- մինչեւ բժշկական համալսարանի մատ հասնելը պայմանավորվեցին նախաձեռնության անդամները ու սկսեցին վանկարկել «Պահանջում ենք իրավունք»:
Նրանք նաեւ անցորդներին կոչ էին անում միանալ իրենց, հետո տարաձայնություններ ունեցան ոստիկանների հետ: Ոստիկանները թույլ չէին տալիս «Պահանջում ենք մեր իրավունքը» ցուցապաստառը պարզած քայլել՝ պնդելով, որ երթեւեկությանը այդ կերպ խանգարում են: Ակտիվիստները սկսեցին վիճել ոստիկանների հետ ու ընդհանուր հայտարարի եկան միայն փողոցի մեջտեղում նստելուց հետո: Ակտիվիստները պնդում էին, որ չեն շարունակի իրենց երթը, մինչեւ ոստիկանները չդադարեն խոչընդոտել իրենց երթը ու թույլ չտան իրենց պաստառը պարզած առաջ գնալ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ