Այսօր Մատենադարանի մոտից «Դեմ ենք» նախաձեռնության անդամները ի պաշտպանություն գործատուների կողմից ճնշումների ենթարկվող քաղաքացիների, բողոքի երթ անցկացրին:
Վերջին օրերին նախաձեռնության անդամներին մեծ թվով մանկավարժներ էին դիմել՝ դժգոհելով, թե պարտադիր պահումներից հրաժարվելու համար գործատուները պահանջում են աշխատանքից ազատվելու դիմում գրել:
«Ահազանգերի առյուծի բաժինը կրթական ոլորտից է՝ մեր ուսուցիչներին ճնշումների են ենթարկում, գործատուները պահանջում են ազատման դիմումներ գրել: Պարոն կրթության նախարար, ուշադրություն դարձրեք, շատ ամոթ է, խայտառակություն է»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: Նա այսօր անձնագրի խոշորացված պատճենով էր ակցիային մասնակցում եւ բացատրեց դրա իմաստը. «Խորհրդանշում է քաղաքացիությունը, ինչը ցույց է տալիս, որ մենք ենք տանուտերը ու մեր ձայնը պետք է տանուտիրոջ ձայն լինի: Ու այս երկրի տերերը չեն ընդունում այս երկրում ֆեոդալական մոտեցում, ճնշումներ, բռնություն, դա չենք ընդունում ու այսօր դա ցույց ենք տալիս»:
Նա նաեւ հիշեցրեց, որ նոր օրենքի վերաբերյալ առաջիկայում կհրապարակեն իրենց սկզբունքները, որի մեխը կամավորության սկզբունքն է դրված:
Կարդացեք նաև
«Պահանջում եմ որպես տանուտեր, որ կառավարությունը հրապարակայնացնի օրենքի մշակման գործընթացը, եւ հանրությունը մասնակցի: Ես ուզում եմ մասնակցել, բայց որտեղ, երբ, որ ժամին: Միայն լսել եմ, թե բոլորին հրավիրում են քննարկման, բայց ուր, ես դեռ կոնկրետ գործողություններ չեմ տեսել»:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Արսեն Մանուկյանն էլ պարզել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նկարներով պաստառը՝ գրությամբ. «Այդպես էլ Արտեմը չհասկացավ», «Աշոտյան facebook-ից log out եղիր, մտիր իրականություն» եւ «Տարոն, սիրուն չէ մանկավարժներին ճնշելը»:
Հետո բացատրեց, որ նշված պաշտոնյաները կտրված են իրականությունից. «Բոլոր պետական պաշտոնյաներն էլ կտրվել են իրականությունից, մենակ շփվում են իրենց բարեկամների, շրջապատի հետ, որտեղ կյանքը թունավոր է ու չեն տիրապետում, թե հասարակ քաղաքացին ինչ կտտանքների է ենթարկվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ