Այսօր ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ բանավեճ է սկսվել ՍԻՄ անդամ Հայկ Բաբուխանյանի և «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ՎԳՌՏԿ-ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության) փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովի միջև: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Բաբուխանյանն ասել է, թե ժողովրդավար է այն երկիրը, որը ճանաչում է ինքնորոշման իրավունքը:
«Եթե ԼՂՀ-ի մարդիկ ընտրել են ապրել Հայաստանի հետ, կամ լինել անկախ, ապա դա նրանց ընտրությունն է։ Նույնը վերաբերում է նաև Ղրիմի հարցին և Կոսովոյին»,-ասել է Բաբուխանյանը:
Ի պատասխան՝ Կիսելյովն ասել է, որ հիմա ակտուալ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
«Մինչև մենք հիմա այստեղ խոսում ենք, կարող է շատ բան պատահել: Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում կան բազմաթիվ վտանգներ»,- ասել է Կիսելյովը: Նա վստահեցրել է, սակայն, որ ԼՂՀ-ի անվտանգությունը ապահովվում է ՀԱՊԿ-ի կողմից:
Կարդացեք նաև
Կիսելյովը հավելել է, որ ԼՂՀ ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ Հայաստանն ինքը քայլեր պետք է անի, բայց կատարվում է հակառակը, օրինակ՝ ռուսաց լեզվի դերը Հայաստանում փոքրանում է օրեցօր:
«Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, 20 տարեկան տղան ռուսերեն անգամ հաշվել չկարողացավ։ Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»,- ասել է Դմիտրի Կիսելյովը:
Իրավիճակը փորձել է շտկել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով ասել է, որ պետք չի Հայաստանում ռուսաց լեզվի մակարդակի մասին դատել՝ տաքսիստի խոսքից ելնելով: «Եթե դուք ասում եք, որ մեր երկրում ռուսերենը վերանում է, ապա այն շուտվանից վերացել է մեր հարևան երկրներում: Մենք կարևորում ենք ռուսերենը, այդ պատճառով էլ մեր դպրոցներում այն պարտադիր ուսուցանվում է»,- ասել է Նաղդալյանը:
«Չի կարելի անվտանգության ինտեգրման առումով մի միություն ընտրել, մշակութային առումով՝ այլ: Դժբախտաբար, հնարավոր չէ»,-ասել է Կիսելյովը:
Մանրամասները կարող եք կարդալ` epress.am-ի կայքում