«Դուք՝ հայերդ, տաղանդավոր նկարիչներ ունեք: Նրանց աշխատանքները դիտելիս ես ինձ թանգարանում եմ զգում: Եվ կուզենայի հարցնել ձեր կառավարությանը, թե ինչու են այդպիսի բացառիկ արվեստագետներն ստվերում մնում, ինչու չեն ներկայացվում միջազգային շուկայում: Ես գիտեմ, որ նրանցից շատերի աշխատանքները ցուցադրվում են տարբեր երկրներում, բայց միջազգային շուկայում նրանց անունները դեռևս անհայտ են: Իսկ այսօր շատ կարևոր է, որ արվեստագետը միջազգային շուկայում իր գինն ունենա»,- Նյու Յորքի և Դուբայի արվեստի բիենալեների կոլեկցիոներ-տնօրեն Պիետրո Ֆրանեզիի դիտարկումներն են:
Ամերիկաբնակ իտալացի կոլեկցիոներն այս օրերին Երևանում է գտնվում Հայաստանի վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի հրավերով:
Այցի նպատակը հայ բարձրարվեստ նկարիչներ գտնելն է, որոնք կմասնակցեն 2015թ. աշնանը Նյու Յորքում և 2016 թ. Դուբայում կայանալիք բիենալեներին:
«Ես որոշեցի այցելել ձեր երկիր, որովհետև ուզում էի տեսնել, թե ինչ խնդիրներ կան այստեղ, և ինչ որակի արվեստագետների երկիր է Հայաստանը: Ուզում էի հասկանալ ձեր ինքնության և ժամանակակից արվեստի կապը: Եվ ես հանդիպեցի արվեստագետների, որոնք կարողանում են հրաշալիորեն մեկտեղել ազգայինն ու ժամանակակիցը»,- այս օրերին տարբեր նկարիչների արվեստանոցներ այցելությունները Պ. Ֆրանեզիին բերել են այսպիսի եզրահանգման:
Կարդացեք նաև
Նկարչուհի Աննա Հարությունյանը շատ է կարևորում մեր նկարիչների մասնակցությունը այս բիենալեներին. «Եթե նույնիսկ մեկ կամ երկու նկարիչ էլ մասնակցի Նյու Յորքի կամ Դուբայի բիենալեներին, սա արդեն մեծ հնարավորություններ կարող է ստեղծել նրանց համար, որովհետև բիենալեներին հրավիրված են աշխարհահռչակ 18 կոլեկցիոներներ տարբեր երկրներից, որոնք գալիս են փնտրելու նոր անուններ, նոր նկարիչներ, որովհետև, ինչպես Պ. Ֆրանեզին է ասում, իրենք արդեն հոգնել են շարունակ նույն բաները տեսնելուց. Ամերիկայում ու Եվրոպայում արվեստն արդեն սպառել է իրեն, իսկ Հայաստանում նա հիացած է մեր արվեստագետների մակարդակով»,- ասում է Ա. Հարությունյանը:
«Պատմություն ու մշակույթ ունեցող երկրներում վստահաբար կարող ես գտնել իսկական արվեստագետների,- համոզված է Պ. Ֆրանեզին: «Ամերիկայում, օրինակ, անհնար է գտնել լավ արվեստագետներ, և ես իմ աշխատանքային կյանքում երբեք չեմ ընտրել ամերիկացի արվեստագետի: Քաղաքակրթությունն սկսվել է Հայաստանից, Իտալիայից և ոչ թե Ամերիկայից: Շատ կարևոր է արվեստագետի ԴՆԹ-ն: Երբ արվեստագետը հեռանում է իր արմատներից, արդեն արվեստագետ չէ, ըստ իս, ուրվական է, որը դրախտ է փնտրում: Եթե ուզում եք համաշխարհային շուկայում տեղ ունենալ, ապա միշտ պետք է ավանդականն ու ժամանակակիցը համատեղեք: Ամեն դեպքում, արվեստագետն իր աշխատանքներում պիտի ցույց տա այն, ինչ ունի ներսում, երբեք չպիտի նայի՝ ինչ է պահանջում շուկան, չփորձի կրկնօրինակել լավագույն արվեստագետներին: Յուրաքանչյուր արվեստագետ անհատականություն է և նման չէ մյուսներին: Դու լավ արվեստագետ ես, եթե քո ձեռագիրն ունես»:
Նա նաև նշեց, որ Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամ շղթա է նկատել անգամ արվեստի բնագավառում, որը ճիշտ չի համարում. «Հայաստանում շատ բարձրորակ արվեստագետներ կան, բայց ես չեմ հասկանում, թե ինչու պիտի նրանց հաջողությունը կախված լինի այս կամ այն նախարարից, պատգամավորից,- ասում է Պ. Ֆրանեզին: «Արվեստը պիտի բացարձակ ազատ լինի և կախում չունենա այդպիսի կապերից: Ես հուսով եմ, որ ձեր կառավարությունը կհասկանա սա: Միայն այդ ժամանակ հայ արվեստագետների իմիջը կփոխվի աշխարհում, իսկ դրսում այսօր ներկայացվող Հայաստանի իմիջն իրականությանը չի համապատասխանում»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ