«Եթե նման դեպքեր կան, ապա ըստ գերատեսչական ենթակայության` պետք է դիմել: Մեր ենթակայության դպրոցներում նման դեպքեր գոյություն չունեն»,-«Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հայտարարություններին, թե մի շարք կրթական հաստատություններում կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու դիմում գրելու հարցում ճնշումներ են իրականացվում որոշ աշխատակիցների նկատմամբ, այսպես պարզաբանեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները հայտարարեցին ՀՀ տարբեր հաստատություններում աշխատակիցների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: Մասնավորապես, խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին էր, այն դիմումի ձևի, որը պետք է լրացնեն աշխատակիցները, որոնք հրաժարվում են, որ իրենցից պահումներ կատարվեն: «Դեմ եմ» նախաձեռնության անդամները նշում էին, որ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են իրականացվում թիվ 65, 97, 69, 66, 38, 172, 173, 31, 114 դպրոցներում, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, «Գրանդ Տոբակոյում», «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում» և այլ հաստատություններում:
Aravot.am-ը նախարարին տեղեկացրեց, թե «Դեմ եմ» նախաձեռնությանը դիմել են նաև Վ. Բրյուսովի անվան, Բժշկական համալսարանների աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են, թե իրենց վրա բուհերում ճնշումներ են իրականացվում, ասել են, թե ով կուտակայինից հրաժարվելու դիմում գրի, հաջորդ օրը թող աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:
Այս առիթով պարոն Աշոտյանն ասաց. «Բուհերում բազում մարդիկ գրում են իրենց դիմումները, և օրենքով սահմանված կարգով դրանք ընթացք են ստանում: Չեմ հավատում և չեմ մեկնաբանում ասեկոսեների մակարդակը: Եթե կա ձայնագրություն, կոնկրետ անձ,որ կարող է դրա մասին բարձրաձայնել, ես պատրաստ եմ խնդրով զբաղվել: Բամբասանքներ չեմ մեկնաբանում»:
Կարդացեք նաև
Պարոն Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ ԿԳ նախարարությունում էլ ունեն դիմումատու, ով հրաժարվել է ընդգրկվել կենսաթոշակային կուտակային համակարգում. «Այդ դիմումն օրենքով սահմանված կարգով ընթացք է ստացել: Պետք չէ փորձել խնդիր հարուցել այնտեղ, որտեղ խնդիր չկա: Ես հասկանում եմ, որ կառավարության քաղաքականությունը և այս հարցը որոշ շահարկողների մոտ դժգոհություն է առաջացնում, քանի որ շահարկումների տեղ չի մնում, ուստի մնացած շահարկումները արհեստական բնույթ են կրում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ