ՀՀ Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Թեւան Պողոսյանը հետաքրքրվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից՝ սահմանի վրա վիճակից եւ օրերս ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասներից:
Սահմանների վրա իրադրությունը նախարարը գնահատեց կայուն լարված, սակայն վստահեցրեց, որ վերահսկում են իրավիճակը, իսկ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասները չցանկացավ ներկայացնել, քանի որ դա «փակ հանդիպում» էր:
Կառավարությունը չպատասխանեց պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին՝ գազի գնի վերաբերյալ: Բանն այն է, որ Մաքսային ծառայությունների ցուցակով Հայաստան ներկրված գազի քանակի եւ գնի համադրությունից ստացվում է, որ գազը ներկրվել է ավելի թանկ, քան մեզ ասվում է: Ըստ Ա. Մանուկյանի՝ ինքը զանգել է էներգետիկայի նախարարություն, որտեղից ասել են, որ հավանական է, որ պատճառն այն է, որ որպես առաջին եռամսյակ հաշվարկվել է դեկտեմբեր, հունվար, փետրվարը: Պատգամավորը հետաքրքրվում էր, թե այդ ի՞նչ տրամաբանությամբ է առաջին եռամսյակը հաշվարկվում նախորդ տարվա վերջին ամիսը հետը: Կառավարությունից պատասխան չունեին՝ ասացին, որ հետո կպատասխանեն:
ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը հարց ուղղեց կառավարությանը, թե ՕԵԿ-ի առաջարկն ընդունվել է եւ բյուջեում նախատեսվել է Վեդի գետի վրա ջրամբար կառուցել, դա ե՞րբ կլինի: Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը միանգամից ՕԵԿ-ի նկրտումները ջրամբարի կառուցման հեղինակ լինելու վրա կանխեց, ասելով, որ կառավարությունը դեռ 2012 թվականից է ծրագրել այդ ջրամբարի կառուցումը, եւ ծրագրով նախատեսվում է աշխատանքները սկսել այս տարի:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ