«Կասպիական տարածաշրջանի Կորլեոնեները». – այսպես է վերնագրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը Իլհամ Ալիևի վարչակազմի և Արևմուտքի հարաբերություններին նվիրված ծավալուն հոդվածը:
Հրապարակման հեղինակը` հետխորհրդային տարածքի և Մերձավոր Արևելքի խնդիրներով զբաղվող վերլուծաբան և լրագրող Մայքլ Վայսը, փորձում է գտնել մի հարցի պատասխան` ինչպե՞ս է գործում վերջին տարիներին մեծ թափ հավաքած ադրբեջանական լոբբիստական մեքենան:
Foreign Policy-ն սեփական հետաքննությունն է անցկացրել` բացահայտելով այն կազմակերպությունների և ընկերությունների անունները, որոնք շռայլ վարձատրության դիմաց հանձնառել են Բաքվի շահերի պաշտպանությունը ամերիկյան և եվրոպական իշխանական կուլիսներում:
Այսպես, Foreign Policy-ն պարզել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը ամեն ամիս 50 հազար դոլար է մուծում հանրային կապերով և լոբբինգով զբաղվով Podesta ընկերությանը` «Ադրբեջանի և ԱՄՆ-ի պետական կառույցների միջև կապերի սերտացման վերաբերյալ ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու դիմաց»: Ի դեպ, ընկերության սեփականատեր Էնթոնի Պոդեստան նախագահ Օբամայի վարչակազմի հատուկ խորհրդական Ջոն Պոդեստայի եղբայրն է:
Կարդացեք նաև
Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող մեկ այլ լոբբիստական ընկերություն` Roberti+White-ը, 2013-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերության ամերիկյան մասնաճյուղից` SOCAR USA-ից վեց ամսվա ընթացքում մոտ 125 հազար դոլար է ստացել` «Ռազմավարական խորհրդատվությունների համար»:
Ի դեպ, ավելի վաղ` 2012-ի աշնանը SOCAR USA-ը գնել էր Վաշինգտոնի ամենակենտրոնում` Duponte Circle հրապարակում գտնվող հինգ հարկանի պատմական մի շինություն, որտեղ նախկինում տեղակայված էր Ադրբեջանի գլխավոր քննադատներից մեկի` Freedom House իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը:
«Կարծում եմ, որ սա ճակատագրի հեգնանքի ամենավառ դրսևորումն է, երբ աշխարհի ամենաանազատ պետություններից մեկը այժմ զբաղեցնում է մի շինություն, որը նախկինում ազատության տուն է եղել», – Foreign Policy-ին է փոխանցել Freedom House-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Վինձորը:
Foreign Policy հանդեսը նաև պարզել է, որ Հյուսթոնում գործող լոբբիստական կազմակերպություններից մեկը, որը սերտ կապեր ունի ծագումով թուրք իսլամիստ Ֆեթհուլլա Գյուլենի հետ, կազմակերպել է մի շարք կոնգրեսականների այցերն Ադրբեջան: Նրանց թվում է եղել նաև նախկինում Նյու Յորքը ներկայացնող կոնգրեսական Մայքլ ՄըքՄահոնը, ով անցած տարվա հոկտեմբերին հայտարարել էր, թե Ալիևի վերընտրությունն «ազատ էր և արդար»:
«Երբ նախկին կամ գործող կոնգրեսականը շնորհավորում է Ալիևին [ընտրություններում տարած] հաղթանակի առթիվ, դա չի նշանակում, թե վարչակազմի դիրքերը Արևմուտքում ամրապնդվել են: Փոխարենը դա հզոր ազդակ է Ադրբեջանի բնակչության համար, որով Ալիևները կարծես ասում են` նույնիսկ Արևմուտքն է մեզ աջակցում, և անհնար է որևէ քայլ կատարել, որ հնարավոր կդարձնի ընտանիքի հեռացումն իշխանությունից», – հանդեսին փոխանցել է ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր ադրբեջանցիներին միավորող «Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» կազմակերպության ղեկավար Էլմար Շահթախթինսկին:
Վաշինգտոնում, սակայն, առավել ազդեցիկ են իշխանամետ ադրբեջանական կազմակերպությունները, որոնց թվում, ըստ Foreign Policy հանդեսի, առանձնանում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդու` Անար Մամեդովի հիմնադրած Ադրբեջանա-ամերիկյան ալյանսը` AAA: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Մամեդովը վերջին տարիներին անձամբ հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի, ինչպես նաև թվով 7 սենատորների և 13 կոնգրեսականների հետ:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում