Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն երեկ հրապարակած իրենց 12 պահանջներով իշխանություններին մինչև աշուն ժամանակ են տալիս: Այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով համոզված է, որ քառյակի՝ իշխանություններին արված առաջարկություններից օգուտ կքաղի հասարակությունը:
«Դրանք այն կետերն են, որոնք այսօր առավել հուզում են հասարակությանը: Այսինքն՝ այն կետերն են, որոնք մակերեսի վրա են դրված, և իշխանությունները դրանք կարող են իրականացնել, դրա համար լրացուցիչ լուրջ ռեսուրսներ պետք չեն»,- «Մեդիալաբին» ասում Երվանդ Բոզոյանը:
Հիշեցնենք, որ երեկ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակի հրապարակած 12 առաջնահերթ պահանջները ներկայացվել են նախագահին ու վարչապետին: Այդ կետերի մեծամասնությունը վերաբերում են երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին:
Պահանջների մեջ, իշխանափոխության մասին խոսք առհասարակ չի գնում: Երվանդ Բոզոյանը կարծում է, որ իշխանափոխության խնդիր այսօր կա:
«Ըստ իս իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ավելի արմատական, ավելի ռադիկալ խնդիրներ լուծվեն: Հայաստանի վիճակն այնպիսին է, որ առանց ռադիկալ խնդիրների լուծման լուրջ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել: Դա պարզ է, բայց հասկանալի է նաև, որ քառյակն այս պահի դրությամբ իշխանափոխության խնդիր չի դնում, իշխանությանը ժամանակ է տալիս»,- ասում է նա:
Երվանդ Բոզոյանի խոսքով՝ իշխանություններն ցանկանում են, որ իրենց ժամանակ տրվի՝ փոքր քայլերով առաջ գնալու համար: Հասարակության մեջ երկու տեսակետ կա այս իմաստով՝ մի մասն ասում է՝ պետք է ժամանակ տալ, մյուս մասը կարծում է, որ երկրի վիճակը շատ վատ է, ժամանակ չկա: Երվանդ Բոզոյանի խոսքով՝ քառյակն այս պայմաններում գնացել է փոխզիջման, իշխանություններին ասում է՝ մենք ձեզ ժամանակ տալիս ենք, իրագործեք այդ քայլերը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Իշխանություններին ժամանակ տալը ճիշտ չէ: Նրանք այդ ժամանակը օգտագործելու են իրենց կարողությունները շատացնելու և հասարակության վիճակը ավելի վատթարացնելու վրա: Եթե մարդը (այսինքն մեր երկիրը) արյունահոսում է (այսինքն աղքատանում կամ արտագաղթում), ինչպե՞ս կարելի է անմիջապես, առանց ժամանակ կորցնելու դրա դեմը չառնել: Ժամանակը միայն ժողովրդի (ուզում եմ հավատալ որ նաև ընդդիմության) դեմ է աշխատելու ի օգուտ իշխանության: