Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Ուրախ եմ, որ միայն ՀԱԿ-ի կողմից առաջարկվող 100 քայլն այսօր դարձել է ընդամենը 12 կետ»

Հունիս 11,2014 17:16

Հունիսի 10-ին ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց հայտարարությունը: 12 պահանջների շարքում է՝ վերացնել կուտակային պարտադիր բաղադրիչը, կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը, առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը և այլն:

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում քառյակի` 12 պահանջներ ներկայացնելու փաստը: Նա պատասխանեց. «Ես շատ ուրախ եմ, որ ժամանակին միայն ՀԱԿ-ի կողմից առաջարկվող 100 քայլն այսօր չորս կուսակցությունների կողմից դարձել է ընդամենը 12 կետ, այն էլ հիմնականում ոչ քաղաքական, այլ ընդհանուր աշխատանքային կետեր, որոնք մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են»:

Հետաքրքրվեցինք` կա՞ն կետեր, որոնց հետ սկզբունքորեն համամիտ չէ, պարոն Ավագյանը պատասխանեց. «Մարդիկ խոսում են փոփոխություններից, բայց սահմանադրական բարեփոխումների գործընթացների մասին ոչ մի կետ չկար, դա ինձ համար անհասկանալի ու անընդունելի է»:

Մեր դիտարկմանը, թե իշխանական թևից միշտ հակառակ թևին հորդորներ են հնչում, թե կոնկրետ առաջարկներ արեք, այլ ոչ թե միայն քննադատեք, հիմա կոնկրետ առաջարկներ են ներկայացվել, Կարեն Ավագյանն արձագանքեց. «Մենք միշտ ասել ենք, որ ոչ միայն հնչեցրեք խնդիրներ, այլև առաջարկեք լուծումներ, քանի որ խնդիրներն առաջին հերթին հնչեցվում են մեր շուրթերով, որովհետև մենք ավելի լավ գիտենք բոլոր այն խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք և ավելի լավ գիտենք դրանց լուծման ձևերը: Մեր ասածն այն է, որ եթե այլ լուծման ձևեր գիտեք, դրանք ասեք: Համենայն դեպս, 12 կետերում մենք լուծումներ չտեսանք»:

Հարցին` որպես իշխանության ներկայացուցիչ վիրավորված չէ՞, որ իրենց զգուշացնում են Արցախը վտանգող փաստաթուղթ չստորագրել, պարոն Ավագյանն արձագանքեց. «Ես հավատացած եմ, որ այս փաստաթուղթը կազմողները որևէ վտանգ Արցախի հետ կապված չեն տեսնում»:

Կարեն Ավագյանը նաև հեգնանքով նկատեց, որ փաստաթուղթը կազմողները «զգուշավոր են եղել» Մաքսային միության գործընթացներին գնահատական տալու հարցում, ինչը պարոն Ավագյանը «ողջունում է»: Այնուհետև կարծիք հայտնեց, թե 12 կետերով պահանջ ներկայացնելը ամառային արձակուրդից առաջ հետաքրքիր մտավարժանք էր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30