Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարիտյանը մտահոգված է պետական սահմանով

Հունիս 11,2014 16:50

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարությանն առաջարկում է արգելել առեւտուրը պետական սահմանային հատվածներում:

Վաղը կառավարության հավանությանը կառաջարկվի «Առեւտրի եւ ծառայությունների» մասին օրենքում լրացումներ կատարելու եւ ավելացնելու հետեւյալը. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանային շերտում արգելվում է լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը»:

Եթե կառավարությունն ընդունի այս առաջարկությունը, ապա` Ազգային ժողովը լրացված օրենքն ուժի մեջ կմտցնի 10 օրից, իսկ առեւտուր իրականացնող ընկերությունների լիցենզիաները 6 ամիս հետո այլեւս օրինական չեն լինի եւ ուժը կկորցնեն: Իսկ ընկերությունները, որոնք մինչեւ օրենքն ընդունելը, 1 տարվա պետական տուրքն արդեն վճարել են, ըստ Էկոնոմիկայի նախարարության առաջարկության, վերահաշվարկ եւ գումարի վերադարձ կկատարվի:

Օրենքում լրացում կատարելն, էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է ազգային անվտանգության ապահովմամբ. «Հայաստանի սահմանի պաշտպանության ապահովման տեսանկյունից ելնելով, ռիսկային գործոններ է պարունակում ՀՀ սահմանային շերտում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թույլատրումը: Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման գործընթացում դժվարություններ են առաջանում սահմանային շերտում կազմակերպվող շուկաներին պահանջների ներկայացման մասով: Մասնավորապես` աշխատանքային ռեժիմի սահմանման եւ պահպանման, սահմանային անցակետերի ռիթմիկ աշխատանքի, ինչպես նաեւ ազգային անվտանգության պաշտպանության պահանջների ապահովման մասով»: Նույն փաստաթղթում նշված է, որ պետական եկամուտների վրա օրենքի լրացումը բացասական ազդեցություն կունենա:

Նախարարությունը իր նախաձեռնության արդարացման համար օրինակ է բերել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի շուկան, որի գործունեությունն, ըստ նախարարության, արդարացված չէ:

Հիշեցնենք, սակայն, որ երբ Բագրատաշենի շուկան փակվեց, հազարավոր ընտանիքներ պարզապես զրկվեցին իրենց օրվա հացից, իսկ այն առեւտրականները, որոնք շարունակեցին առեւտրով զբաղվել, ստիպված անցնում են սահմանը, ավելի մեծ ծախսեր անում, հետեւաբար՝ Հայաստան բերված ապրանքն ավելի թանկ գնով վաճառում:

Ուշագրավ է, որ եթե Բագրատաշենի շուկան են օրինակ բերում, եւ,ինչպես նախագծում է գրված` արգելել առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը, ապա պետք է նշել, որ ներկայումս Հայաստանի սահմանային հատվածներում նմանատիպ շուկաներ չկան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    դրանց ուզածն ժողովրդին խեղդելն է,որպեսզի բոլոր ապրանքներն իրենք բերեն ու թանկ ու կրակ կապեն ժողովդի աղքատ ջանին Թե չէ Վրաստանից էժան ապրանք կմտնի Հայաստան ու գայլերի բաժինն կպակասի

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30