Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է շրջանառության հարկը 3,5-ից նվազեցնել 1 տոկոսի

Հունիս 11,2014 16:25

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները:

Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով՝ դրա արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթևանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով:
Բացի այդ, ծրագրվում է Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից:
Հաջորդ քայլով նախատեսվում է ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ:
Մասնավորապես, մինչ 2015 թվականի հունվարի 1-ը նախատեսվում է պատասխանատվությունը տարանջատել. սուբյեկտի նկատմամբ նախ կկիրառվի նախազգուշացում, որից հետո 20 հազար դրամ տուգանք: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի հինգ տոկոսի շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: Միրումյանը նշել է, որ կատարվել է տարանջատում, որպեսզի ՓՄՁ-ների վրա այդ ազդեցությունը ցավոտ չլինի:

Ծրագրվում է 2015թ.-ից հանել նախազգուշացման, իսկ 2016թ.-ից՝ տուգանքի ինստիտուտը: Այսինքն, 2016թ.-ի հունվարի մեկից եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, ապա հարկը կվճարի ավելի բարձր՝ 5 տոկոս դրույքաչափով: Երկրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ դաշտում:

Զուգահեռաբար ներմուծվելու է «օրինապահ հարկատու» համակարգը, ինչը նշանակում է, որ ՓՄՁ-ն կկարողանա գրանցումներ կատարել իրեն փաստաթուղթ չտրամադրած տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ: Այս պարագայում կհամարվի, որ ՓՄՁ-ն հիմնավորել է տվյալ ապրանքի մասով փաստաթղթի առկայությունը: Տվյալ դեպքում հարկային մարմնի գործողություններն ուղղված կլինեն խոշոր բիզնեսին:
Ուժեղացվելու են նաև խոշորի նկատմամբ գործողությունները՝ փաստաթղթաշրջանառության ապահովման ուղղությամբ:

Նախատեսվում է՝ ՀՀ ֆինանսների նախարարության և ՓՄՁ-ների միջև ձևավորել միասնական խորհուրդ, որն արագորեն կարձագանքի հնարավոր սուբյեկտիվ դրսևորումներին՝ առկա խնդիրները կարգավորելու համար:

Այնուհետև հանդիպմանը ներկա ՓՄՁ և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է կառավարության և մասնավոր հատվածի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքները և հանձնարել հնչեցված առաջարկությունները քննարկել և օրենսդրական լուծումները ներկայացնել Ազգային ժողով:

«ՓՄՁ-ները և խոշոր բիզնեսը պետք է օժանդակեն տնտեսության զարգացմանը, իսկ կառավարությունը սատարի ձեզ՝ աշխատելու համար, որպեսզի կարողանաք հարկեր վճարել: Մեր քննարկումները, հանդիպումները պետք է լինեն շարունակական: Կառավարության ուշադրության կենտրոնում առաջին հերթին լինելու է տնտեսությունը և դրան զուգահեռ մենք պետք է յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար լինենք ուշադիր և զարգանալու հնարավորություն տանք»,- ամփոփելով նիստը՝ նշել է կառավարության ղեկավարը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30