Հունիսի 9-ին Վրաստանի Կրթության նախարար Թամար Սանիկիձեն հանդիպում է անցկացրել Ազգային փոքրամասնությունների Խորհրդի ներկայացուցիչների հետ:
Կայացած հանդիպման ընթացքում Թամար Սանիկիձեն պատասխանել է նաև «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչների կողմից ուղղած մի քանի հարցերի: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում Վրաստանի Կրթության նախարարից ստացած
պատասխանների մի մասը:
Մեկ տարի առաջ` 2013թ.-ի հունվարին, Վրաստանի այն ժամանակվա վարչապետը`
Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է, որ անհրաժեշտ է մտցնել «Հայ ժողովրդի
պատմություն» առարկան Վրաստանի հայալեզու դպրոցների ուսումնական ծրագրի
մեջ: Ցավոք, տվյալ առարկան ուսումնական ծրագրում դեռևս մտցված չէ: Ինչ
մակարդակում է գտնվում այսօր Վրաստանի Կրթության նախարարության աշխատանքը
այդ հարցում:
– Ինչ վերաբերում է Հայաստանի պատմությանը. կասեմ ձեզ ուղիղ:
Նախարարության կողմից այդ հարցն այսօր չի քննարկվում: Տվյալ թեման
պահանջում է մեծ ուշադրություն: Հայաստանի կրթության նախարարի` Վրաստան
այցելության ժամանակ ես նրան ասացի, որ դա շատ դժվար հարց է, որը պահանջում
է համապատասխան երկկողմանի դաշտերի ստեղծում, որի շրջանակներում էլ
կքննարկվի և միայն տվյալ դաշտերի շրջանակներում էլ հնարավոր կլինի ընդունել
որևէ որոշում: Ես կարծում եմ, որ դա շատ նուրբ և զգայուն հարց է: Ինչպես
նաև ես գիտեմ, որ աշխարհի ոչ մի երկրում` ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում
չեն դասավանդվում ոչ հարևան պետությունների, ոչ ազգային
փոքրամասնությունների ներկայացուցիչների պատմությունները:
Համապատասխանաբար, եթե մենք պատրաստվում ենք շեղվել տվյալ համատեքստից, դրա
համար անհրաժեշտ է լուրջ և հիմնական նախապատրաստում: Հայաստանի
Հանրապետության Կրթության նախարարությանն արված մեր առաջարկությունը մնում
է ուժի մեջ: Եթե ստեղծվի համապատասխան դաշտ, ապա այդ ձևաչափը թույլ կտա
ավելի լայն քննարկել տվյալ հարցը և թույլ կտա ընդունել համատեղ որոշումներ:
Կարդացեք նաև
2014թ.-ի ուսումնական տարվա սկզբին Մետրոմշենում գտնվող №103 դպրոցի
ուսումնական ընթացքը դադարեցվել էր շենքի վթարային լինելու պատճառով:
Դպրոցը տեղափոխվել է քաղաքի մեկ այլ թաղամասում գտնվող ուրիշ դպրոցի շենք:
Վրաստանի Կրթության նախարարությունից ստացած տեղեկությունների համաձայն`
103 դպրոցի վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին մեկ տարվա
ընթացքում, և 2014-2015 ուսումնական տարում դպրոցի շենքում պետք է
վերսկսվեր ուսումնական ընթացքը: Չնայած դրան` №103 դպրոցում շինարարական
աշխատանքները մինչ օրս չեն էլ սկսվել: Ինչու՞ է այդպես կատարվում:
Հիշեցնենք, նաև, որ դեռևս 2012թ. «Վրաստանի Հայ Համայնք»-ը դիմել է
Կրթության նախարարությանը 110 հայկական դպրոցի վերացման մասին կայացրած
որոշումը կասեցնելու խնդրանքով: Աշխատանքի վերընդունվելու խնդրանքով
Կրթության նախարարությանն են դիմել նաև անարդարացիորեն աշխատանքից հեռացված
նույն դպրոցի ուսուցիչները: Մեզ հետաքրքրում է ինչի վրա հիմնվելով
նախարարությունը չընդունեց Մետրոմշենում գտնվող 110 դպրոցի վերականգնման
մասին որոշում, և ինչու չնայած երկրում առկա հայալեզու վերապատրաստված
ուսուցիչների սուր պահանջարկին` Կրթության նախարարությունը չբավարարեց
աշխատանքից հեռացված ուսուցիչների պահանջարկը:
– Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա նրանց աշխատանքի վերականգնումը
ուսումնասիրվել է «քաղաքականության պատճառներից ելնելով` աշխատանքից
հեռացված ուսուցիչների վերականգնման հարցերով» հանձնաժողովի կողմից: Տվյալ
հանձնաժողովը հաստատել է, որ այդ ուսուցիչները չեն հեռացվել աշխատանքից
քաղաքական պատճառներով, համապատասխանաբար տվյալ հանձնաժողովը չի կարողացել
նրանց աշխատանքի վերականգնման որոշում ընդունել: Ինչ վերաբերում է 110
հայալեզու դպրոցի վերականգնմանը, մենք հիմնավորապես ուսումնասիրել ենք այդ
հարցը: Անկեղծ ասած` ես կարծում էի, որ «Վրաստանի Հայ Համայնք»-ը ստացել է
այս հարցի շուրջ մեր աշխատանքի փաստագրված արդյունքները: Ես անպայման
կհոգամ, որպեսզի Դուք ստանաք այդ վերջնական փաստատթուղթը, որի միջոցով
կարող եք ուսումնասիրել անցկացված հետազոտություն-քննության արդյունքները:
№103 դպրոցի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ անցկացված
փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ տվյալ շենքը վերականգնվելու
ենթակա չէ: Այն պետք է քանդվի և նրա տեղը պետք է կառուցվի նոր շինություն:
Շենքի ապամոնտաժումը կսկսվի շուտով: Այդ հարցն արտացոլված է մեր
գործողությունների ծրագրում, ինչպես նաև բյուջեում: Մենք պատրաստել ենք
երկու նախագիծ` շենքի ապամոնտաժման և նոր շենքի շինարարության նախագիծ: Այդ
կերպ, կարծում եմ, որ Հայ Համայնքը չպետք է, որ անհանգստության առիթ
ունենա:
Վրաստանի դպրոցների ավագ դասարանների աշակերտները ամեն տարի մասնակցում են
այսպես կոչված «նախատեստեր»ին, որոնց շնորհիվ դպրոցի շրջանավարտները
հնարավորություն են ստանում ծանոթանալ քննական գործընթացի հետ, հասկանալ
սպասվող հարցերի բարդությունը և փորձել իրենց ուժերը, նախապատրաստվել գալիք
քննություններին: Միևնույն ժամանակ «նախատեստավորման» համակարգի
գոյությունից ի վեր հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների աշակերտները չեն
կարող մասնակցել այդ գործընթացին: Եվ դրա պատճառն այն է, որ տվյալ
նախատեստավորումը անցկացվում է միայն վրացերենով: Ստեղծվել է խտրական
իրավիճակ: Վրացալեզու դպրոցների աշակերտները ակնհայտ առավելություն ունեն
հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների աշակերտների համեմատությամբ, ինչն էլ
մատնանշում է գոյություն ունեցող ոչ իրավահավասարությունը: Ինչո՞ւ տվյալ
նախատեստավորումը չի անցկացվում հայերենով կամ ադրբեջաներենով: Նույն բանը
վերաբերում է նաև համակարգիչներին, որը Կրթության նախարարությունը
տրամադրում է առաջին դասարանցիներին: Այդ համակարգիչների բոլոր ծրագրերը
վրացալեզու են: Այդ կերպ հայալեզու դպրոցի առաջին դասարանցին չի կարող
օգտվել տվյալ համակարգչից, քանի որ նրանում չկա Մայրենի լեզվով ծրագիր
տվյալ առաջին դասարանցու համար, իսկ եղած ծրագրերը չեն համապատասխանում
հայալեզու դպրոցների ուսումնական ծրագրին: Մեզ հետաքրքրում է`ինչո՞ւ է նման
ակնհայտ խտրականություն դրսևորվում ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների
նկատմամբ:
– Դա իսկապես այդպես է, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ ես այդ փաստի
մասին ոչինչ չեմ իմացել: Տվյալ հարցն իսկապես լուծում է պահանջում:
Խոստանում եմ, որ հաջորդ տարի մենք անպայման կուղղենք այդ իրավիճակը և
նախատեստավորումը հասանելի կլինի հայերի և ադրբեջանցիների համար իրենց
Մայրենի լեզվով: Շատ շնորհակալություն, որ մատնանշեցիք այդ հարցը: Մենք այն
անպայման կլուծենք: