Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի դերասանական արվեստի առաջին կուրսի ուսանողները այսօր ներկայացրին իրենց քննական աշխատանքը, որը ինքնատիպ լուծումներ ուներ: Թումանյանի «Թմկաբերդի առումը» բեմադրության մեջ օգտագործվել էին խոհանոցային պարագաներ, մթերք, բանջարեղեն անգամ հավ:
Դերասանի վարպետության, ռեժիսուրայի եւ բեմական խոսքի ամբիոնի վարիչ, կուրսի ղեկավար Ռուբեն Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս կուրսն ունի տիկնիկային ուղղվածություն, եւ իրենց բեմադրությամբ մեկ խնդիր են լուծել՝ բացել երեւակայությունը: «Թատրոնը ուղղակի բեմ ու լույս չէ: Թատրոնն առաջին հերթին երեւակայություն է, այն էլ պատկերավոր երեւակայություն: Երբ ուսանողները սկսում են այդպես մտածել, նաեւ այդպես ստեղծագործում են: Սա փորձ է՝ ցույց տալ, թե ինչպես կարելի է ամենահասարակ ամենօրյա առարկաներից ստեղծել կերպարներ»,-ասաց պարոն Բաբայանը:
Ռեժիսոր, դերասանուհի, դասախոս Զարուհի Անտոնյանն էլ հավելեց, որ առաջին կուրսի այս կիսամյակը նվիրել էին երեւակայությանը. «Կարողացանք սովորական առարկաները դարձնել մեր երեւակայական աշխարհի հերոսներ: Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել: Փաստել ենք, որ երեւակայությունը սահմաններ չունի, փորձել ենք հնարավորինս ազատագրել այն: Սովորական խոհանոցային առարկաների միջոցով մենք պատմել ենք «Թմկաբերդի առումը» պոեմը»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ լսարանում ասեղ գցելու տեղ չկար, ուսանողները ուղղակի նստել էին հատակին: Նրանք փռթկոցով կամ զարմանքից կլորացած աչքերով էին արձագանքում դերասանների ամեն շարժումին: Ընդ որում, չնայած պոեմը հայտնի գործ է. սակայն բեմադրության մեջ լուծումներն անկանխատեսելի էին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Իմաստը չհասկացա,՝ թե՛ այլևս ոչ որևէ բանում իմաստ փնտրելը ավելորդ է։