Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի հետ:
Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց, որ հանդիպման ընթացքում ամրագրվեց միասնական մոտեցում ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտության և ընդհանուր օրակարգի ձևավորման վերաբերյալ: Ըստ Մհեր Շահգելդյանի`պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային մեխանիզմների ձևավորման և հետագա համագործակցության հետ կապված:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ, կապված ընտրական բարեփոխումների, մասնավորապես` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու հետ:
ՕԵԿ-ի պաշտոնական կայքի մամուլի հաղորդագրություն