Ցանկացած ապրանքի արժեքը կարելի է աստղաբաշխական գների հասցնել, միայն թե ցանկություն եւ հաստ դրամապանակ լինի:
Հենց այսպես էլ վարվել է լյուքս կարգի ապրանքների արտադրությամբ զբաղվող «House of Solid Gold» ընկերությունը, որի դիզայներ Հյու Փաուերը ոչ մի նորարարություն չանելով` սովորական երկանիվ լեռնային հեծանիվը մի քանի փոքր խորամանկություններով վերածել է արվեստի գործի, որի արժեքը դարձել է $ 1 միլիոն:
Նա փոխադրամիջոցի մետաղյա կոնստրուկցիան երեսպատել է մաքրամաքուր 24 կարատ ոսկով, նստարանը կարել կոկորդիլոսի` վերամշակման արդյունքով շոկոլադի գույն ստացած կաշվից, ֆիրմայի էմբլեմը հավաքել 600 սեւ ադամանդե քարերով եւ 500 ոսկեփայլ սուտակով:
Հեծանվին տրվել է «Beverly Hils Edition» անունը եւ դրանից արտադրվելու է ընդամենը 13 օրինակ: Յուրաքանչյուր հեծանիվը եզակի է լինելու, որովհետեւ հավանական գնորդի ցանկությամբ դրա վրա լրացուցիչ աշխատանքներ կկատարվեն:
Մեկ միլիոնով, իհարկե, կարելի է «Bugatti Veyron» կամ «McLaren P1» մակնիշի շքեղ ավտոմեքենա գնել, սակայն արտադրողները համոզված են, որ հրաշք հեծանիվն էլ իր գնորդները կունենա: Մանավանդ, որ նրանք պատրաստվում են վաճառքից ստացվող եկամտի 90%-ը տրամադրել «The Way tu Happiness Fundation International» ոչ առեւտրային եւ ոչ կրոնական բարեգործական հիմնադրամին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` autorambler.ru-ի