Մեր զրուցակիցն է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Հրայր Յոլյանը
-Պարոն Յոլյան, մտադի՞ր եք բողոքարկել ընտրության արդյունքները:
-Չէ, բողոքարկելու բան չկա, ինչ բողոքարկեմ, ներսում մաքուր ընտրություն է եղել:
-Իսկ դրսո՞ւմ:
Կարդացեք նաև
-Դե դրսի մասին արդեն բան չունեմ ասելու, մեր ժողովրդին այսքանից հետո արդեն բան չունեմ ասելու:
-Ի՞նչ եք ուզում դրանով ասել:
-Այսինքն, իրենք իրենց ընտրությունը կատարել են, թե ոնց, դա արդեն իրենք գիտեն:
-Ձեր գնահատմամբ՝ Գորիսում ընտրություններն արդար, թափանցիկ ու առանց ընտրախախտումների՞ են անցել:
-Ներսում՝ այո:
-Այսինքն, կարծում եք, որ ընտրատեղամասերից դո՞ւրս են ինչ-որ գործողություններ կատարվել:
-Դե, հա:
-Իսկ Դուք նման արդյունքնե՞ր էիք ակնկալում: Դուք վստահ էիք, որ գորիսեցիների գերակշիռ մասը Ձեզ է ընտրելու:
-Ես նման արդյունքներ ակնկալում էի, բայց տեղերը փոխած, որ առավել քվեներն իմը պետք է լինեն: Այդքան խոստացել էին, բայց չարեցին:
-Ինչո՞վ եք դա պայմանավորում:
-Մարդիկ մի քիչ սոցիալապես անապահով են, մի քանի օրով ապահովեցին երեւի մարդկանց:
– Մյուս թեկնածու Վաչագան Ադունցը մեզ տված հարցազրույցում նշել էր, որ չընտրվելու դեպքում պատրաստ է աշխատել նորընտիր քաղաքապետի հետ: Դուք նորընտիր քաղաքապետի հետ պատրաստվո՞ւմ եք համագործակցել:
-Բացառվում է: Ես մտադիր չեմ պաշտոն ստանալ, ես ավագանու անդամ եմ, ինչպես դուք գիտեք, կարող է մտածեմ ավագանու իմ աշխատանքը շարունակելու մասին, դեռ անելիքներ ունեմ: Հիմա շշուկներ են տարածվել, որ Հրայր Յոլյանը քաղաքապետի տեղեկալ է լինելու, բայց դա բացառվում է, նման բան հնարավոր չի:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ