Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. 2015 թվականին հնարավոր է երկնիշ թվով տնտեսական աճ

Հունիս 11,2014 15:15

Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ եթե իրենց տրվեն համապատասխան հնարավորություններ, գործազրկությունը երիտասարդության շրջանում 60 եւ ավելի տոկոսով կկրճատվի

«Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը ամոթալի է»,- այսօր՝ հունիսի 11-ին, «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նա համարում է, որ այդ ամոթալի վիճակը տարիների հակասական զարգացումների արդյունք է, որոնք պայմանավորված են թե՛ օբյեկտիվ եւ թե՛ մեզնից կախված գործոններով:

Տնտեսագետի կարծիքով՝ լուրջ աշխատանք տանելու դեպքում Հայաստանը կարող է ունենալ լավագույն դեպքում մինչեւ ութ-ինը տոկոս տնտեսական աճ, իսկ երկնիշ թիվը՝ հաջորդ տարի Հայաստանի համար շատ իրատեսական է համարում.

«Որքանով որ Եվրամիությունը մեզ համար ցանկալի է բարձր չափորոշիչների առումով, չենք կարող հերքել, որ Հայաստանն այսօր մտնելով Մաքսային միություն՝ Հայաստանի համար հարյուրապատիկ մեծանում է սպառման շուկան, իսկ դա ցանկացած գործարարի համար երանելի իրավիճակ է»:

Պարոն Մանասերյանը կարեւորեց երիտասարդների շրջանում գործազրկության նվազեցումը, որը տնտեսական աճի արդյունք կարող է լինել եւ կարեւոր է, որ երիտասարդությանը տրվեն արտոնություններ, որոնք գրանցված կլինեն նաեւ Աշխատանքային օրենսգրքում: Նա նշեց, որ իրենք մշակել են համապատասխան ծրագիր, եւ մնում է դա պահանջված լինի կառավարության կողմից. «Եթե տրվեն համապատասխան հնարավորություններ, 60 եւ ավելի տոկոս գործազրկությունը կկրճատվի երիտասարդության շրջանում ինքնազբաղվածության միջոցով, որովհետեւ յուրաքանչյուր երիտասարդ ավելի շատ գործնական, կոնկրետ գաղափարներ ունի, քան ցանկացած կայացած գործարար եւ նրանց միջոցով է, որ այսօր խոշոր բիզնեսն առաջ է գնում»:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ դա սպասելի էր, քանի որ համարում է՝ ցանկացած ապրանք եւ ծառայություն թանկացման միտում ունի, սակայն համաձայն իրենց հաշվարկների՝ ավելի քիչ գնաճ կարող է լիներ. «Եթե լինի մրցունակության աճ, ապա դա նվազ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30