Լրահոս
Օրվա լրահոսը

Զննվեցին Վարդան Ղուկասյանի եղբորորդու մեքենայից հայտնաբերված «Կալաշնիկով» տեսակի ատրճանակն ու ինքնաձիգը (Տեսանյութ) 

Հունիս 11,2014 15:06

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով լսեց վկաներից մեկին` Շավարշ Գյունաշյանին, որի հետ դեպքի օրը, նախքան Շիրակացի փողոցում կրակոցներ արձակելը հանդիպել էր ամբաստանյալը:

Վկան ասաց, որ ինքը շատ թեթևակի է ճանաչում Վահե Ղուկասյանին, նրան գիտի` որպես Անդրանիկ Ղուկասյանի որդի, իսկ սպանված Շեկոյին ու Քավոր Հարութին ընդհանրապես չի ճանաչում: Վկայի հարցաքննությունը րոպեներ տևեց, վերջինս ասաց, որ Վահեի հետ հանդիպել է առավոտյան ժամը 10.10-ի մոտակայքում, Վահեն զանգահարել է իրեն, ասել, որ իր հայրը բան ունի փոխանցելու: Այնուհետ, ըստ վկայի, Վահեն իր հետ հանդիպելուց հետո իրեն իջեցրել է «Ռաբիզ» սրճարան:

IMG_2247 IMG_2241

Այս վկան դատարան էր հրավիրվել Վահե Ղուկասյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությամբ: Փաստաբանը նախորդ դատական նիստերին իր միջնորդությունը հիմնավորել էր այսպես.  «Մեղադրանքի հիմքում այն պնդումն է, թե իբր Վահե Ղուկասյանը քաղաքում շրջել է տուժողներին հայտնաբերելու ու նրանց սպանելու, սակայն Վահե Ղուկասյանը իր ցուցմունքներում միշտ ժխտել է սա: Նա այդ օրը իր հոր հանձնարարությամբ եղել է Շառլ Ազնավուրի հրապարակում, հեռախոսային զանգերը ևս հաստատեցին, որ նա իրոք եղել է այդ վայրում, հանդիպել է Շավարշ Գյունաշյանին, բայց Վահե Ղուկասյանի ցուցմունքի արժանահավատությունը ապացուցելու նպատակով, ճշմարտությունը բացահայտելու համար միջնորդում եմ դատարան հրավիրել Շավարշ Գյունաշյանին»:

Հայկ Ալումյանն այսօր վկայից հետաքրքրվեց, թե իր հետ հանդիպելիս ի՞ նչ տրամադրության մեջ էր Վահեն, տագնապի մե՞ջ էր: «Չէ, ի՞նչ տագնապ, տագնապի մեջ լինող մարդը ինձ իր մեքենայով կտեղափոխե՞ր «Ռաբիզ»,- ասաց վկան:

Այսօր դատարանը կրկնակի հարցաքննության էր հրավիրել նաև տուժող Հարություն Խաչատրյանին `քավոր Հարութին, սակայն , ըստ դատավոր Աշոտ Մանուկյանի, վերջինս թեև պատշաճ տեղեկացվել է, սակայն տեղյակ չի պահել, թե ինչու չի ներկայանում դատարան, հետևաբար և դատարանը քավոր Հարութին բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Նշենք, որ այսօր որպես իրեղեն ապացույց զննվեցին այն զենքերը, որոնք դեպքի օրը հայտնաբերվել էին Վահե Ղուկասյանի մեքենայի մեջ, խոսքը ինքնաձիգի և արհեստական եղանակով պատրաստված ատրճանակի մասին է:

Հիշեցնենք` Վահե Ղուկասյանն իր ցուցմունքում հայտարարեց, որ այդ զենքերը պատկանել են իր կրտսեր հորեղբորը` Արթուրին: Ըստ նրա, հորեղբոր մահից հետո նրա «Կալաշնիկով» տեսակի ատրճանակն ու փոքր հրացանը բոլորից թաքուն բերել ու պահում էր իրենց տանը: Դեպքի օրը վերցրել է դրանք, դրել իր սպիտակ «Լադա» մակնիշի մեքենայի մեջ, որպեսզի տանի Վարդբաղ թաղամասի ամառանոց ու մոտակա դաշտերում թաքուն պահի:

Մանրամասները` տեսանյութում

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30